ՀԲ-ի $100 միլիոնի վարկը խթանելու է կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացումը Հայաստանում

25.03.2023 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Հայաստան #վարկ
Համաշխարհային բանկի (ՀԲ) խորհուրդը մարտի 24-ին հաստատել է նոր՝ €92.3 միլիոնի ($100 միլիոնին համարժեք) վարկ՝ Հայաստանի կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության գործառնության (ԶՔԳ) համար։

Ինչպես հայտնել են ՀԲ Հայաստանի գրասենյակից, գործառնությունն օժանդակում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին եւ նպատակաուղղված է կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման խթանմանը՝ բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը կարգավորող դաշտը՝ կլիմայական փոփոխության ճնշումների մեղմացման եւ դրանց հարմարվելու հարցում Հայաստանին օգնելու համար, մեծացնելով հավասարությունը եւ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը եւ օժանդակելով հակակոռուպցիոն գործողությունների շրջանակին եւ արդարադատության ոլորտի արդյունավետությանը։  

«Այս գործառնությունը կառավարության կողմից բարեփոխումների՝ աճն ավելի ներառական եւ կայուն դարձնելու հանձնառության վկայությունն է»,- ասել է ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

«Գործառնությունն օժանդակում է Հայաստանի մարդկային կապիտալին սատարող կարեւորագույն բարեփոխումներին, այդ թվում՝ կրթության ռազմավարության ընդունմանը եւ սոցիալական աջակցության հասցեականության բարձրացմանը։ Առաջին անգամն է, որ Համաշխարհային բանկի բյուջետային աջակցության գործառնությունը Հայաստանում ընդգրկում է նաեւ երկրին՝ կլիմայական փոփոխության մեծացող ճնշումների մեղմացման եւ հարմարվողականության ջանքերում աջակցելու բարեփոխումներ»։

«Սույն գործառնությամբ աջակցություն ստացող առանցքային բարեփոխումները համահունչ են Համաշխարհային բանկի՝ Երկրի հետ գործընկերության 2019-2023 թվականների շրջանակին։ Դրանց թվում են՝ հանրային ներդրումների կառավարման կառուցվածքի բարեփոխումը՝ կլիմայական տեսանկյունից հանրային ներդրումների համակարգված նախնական ընտրությունն ապահովելու համար, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (ՇՄԱԳ) եւ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» (ՄՕՊ) օրենքների փոփոխությունը, սոցիալական աջակցության հասցեականության բարձրացման համար նոր համակարգի գործարկումը, կրթության ուսումնական ծրագրի արդիականացումը, այդ թվում՝  բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի (ԲՏՃՄ) եւ կանաչ կրթության, եւ  հաշտարարության ու արբիտրաժի մասին օրենքների լրամշակումը՝ արդարադատության համակարգին ավելի բարձր արդյունավետությամբ գործելու հնարավորություն տալու համար»,- ասված է ՀԲ հաղորդագրության մեջ։

€92.3 միլիոնի ($100 միլիոնին համարժեք) վարկը փոփոխական սփռվածքով (սփրեդ) ՎԶՄԲ ճկուն վարկ է՝ հինգ տարի արտոնյալ ժամկետով եւ 19 տարի  մարման ընդհանուր ժամկետով։ Սա ծրագրային շարքի առաջին գործառնությունն է եւ աջակցություն է ստանում ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների)  միջազգային զարգացման հիմնադրամի (գլխամասային գրասենյակը` Վիեննա, Ավստրիա) տրամադրած €50 միլիոնի ($53.7 միլիոն) զուգահեռ ֆինանսավորմամբ։

1992 թվականին Համաշխարհային բանկին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ հանձնառությունների ընդհանուր գումարը կազմել է շուրջ $2․53 միլիարդ։
Դիտում՝ 14907
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW