Goldman Sachs-ը բաժնետոմսերի պահանջարկի ռեկորդային անկում է կանխատեսում ԱՄՆ-ում

24.03.2023 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Goldman Sachs #ԱՄՆ #բաժնետոմսեր
Goldman Sachs-ում կանխատեսում են, որ 2023 թվականի արդյունքներով ամերիկյան տնային տնտեսությունները 2018 թվականից ի վեր առաջին անգամ կարող են ավելի շատ վաճառել բաժնետոմսեր, քան գնել:

Ինչպես հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը, տարբերությունն, ըստ հիմնական սցենարի, կկազմի $750 միլիարդ: Սա առավելագույն ցուցանիշն է 2008 թվականից ի վեր, երբ զուտ վաճառքների ծավալը կազմել էր ավելի քան $800 միլիարդ։

Ներդրումային բանկում պարզաբանել են, որ բաժնետոմսերի ժողովրդականության նվազմանը նպաստում են պարտատոմսերի շուկայում բարձր եկամտաբերությունը՝ պայմանավորված տոկոսադրույքի աճով, եւ բնակչության շրջանում խնայողությունների ցածր մակարդակով։ Միաժամանակ, դրամավարկային քաղաքականության խստացումը բացասաբար է անդրադառնում բաժնետոմսերի վրա եւ նվազեցնում է դրանց ներդրումային գրավչությունը։

Այսպես, 2022 թվականի արդյունքներով, երբ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բարձրացրեց տոկոսադրույքը գրեթե զրոյական մակարդակից մինչեւ տարեկան 4,25-4,5%, S&P 500 ինդեքսն ընկավ մոտ 20%-ով։ Այժմ տոկոսադրույքն արդեն 4,75-5% մակարդակում է, ընդ որում, կարգավորիչը հնարավոր է համարում դրա հետագա բարձրացումը։

Ամերիկյան տնային տնտեսությունները բաժնետոմսերի հիմնական գնորդներն էին 2008 թվականի ճգնաժամից հետո, երբ ԱՄՆ-ում գործում էր մեղմ դրամավարկային քաղաքականություն: Սակայն 2022 թվականին, տոկոսադրույքի բարձրացման հետ մեկտեղ, մասնավոր ներդրողներն ավելի զգուշավոր են դարձել։ Եվ չնայած ԱՄՆ տնային տնտեսություններին դեռեւս պատկանում է ամերիկյան հանրային ընկերությունների բաժնետոմսերի 38%-ը, ներդրողները սկսեցին հրաժարվել այն գաղափարից, որ այս գործիքներն այլընտրանք չունեն, եւ անցում կատարեցին ակտիվների այլ դասերի:



Անգամ եթե պարտատոմսերի եկամտաբերությունը տարեվերջին չաճի կամ, նույնիսկ, իջնի, ԱՄՆ տնային տնտեսությունները, միեւնույնն է, կդառնան բաժնետոմսերի զուտ վաճառողներ (net seller), այլ ոչ թե զուտ գնորդներ (net buyer), վստահ են Goldman Sachs-ի վերլուծաբանները:

Նրանց հոռետեսական կանխատեսմամբ՝ տարվա արդյունքներով մասնավոր ներդրողների կողմից բաժնետոմսերի վաճառքի ծավալը կարող է գերազանցել գնումների ծավալը $1,1 տրիլիոնով։ Լավատեսական կանխատեսման համաձայն, որը ենթադրում է պարտքային շուկայում եկամտաբերության նվազում եւ սպասվածից ավելի բարձր խնայողությունների մակարդակ, տարբերությունը կարող է կազմել $400 միլիարդ:
Դիտում՝ 4849
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW