Յելենը մեկնաբանել է սնանկացած բանկերի բոլոր ավանդատուներին պաշտպանելու որոշումը

22.03.2023 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջանեթ Յելեն #Silicon Valley Bank #Signature Bank
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել է, որ երկրի իշխանություններն անհրաժեշտության դեպքում օգնություն կտրամադրեն ամերիկյան բանկերի ավանդատուներին։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ նախօրեին ելույթ ունենալով Բանկիրների ամերիկյան ասոցիացիայի նիստում՝ Յելենը մեկնաբանել է իշխանությունների միջամտությունը սնանկացած Silicon Valley Bank-ի (SVB) եւ Signature Bank-ի հետ կապված իրավիճակին, որտեղ դաշնային ապահովագրության կանոններին չհամապատասխանող բազմաթիվ ավանդներ են տեղաբաշխված եղել:

«Մենք համատեղ աշխատանք ենք իրականացրել Դաշնային պահուստային համակարգի (Fed) եւ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) հետ՝ պաշտպանելու այս բանկերի բոլոր ավանդատուներին: Այս միջոցները ձեռնարկվել են ոչ թե կոնկրետ այս բանկերին կամ բանկերի որոշակի հատվածին օգնելու, այլ ԱՄՆ ողջ բանկային համակարգը պաշտպանելու համար։ Նույն գործողությունները կիրականացնենք, եթե ավելի փոքր ֆինանսական ընկերությունները տուժեն ավանդատուների փախուստից՝ վախենալով ճգնաժամի զարգացումից: Կարծում եմ՝ մեր ձեռնարկած միջոցները զգալիորեն նվազեցրել են նոր սնանկությունների ռիսկերը, որոնք նոր կորուստներ կբերեին դաշնային իշխանություններին եւ այլ բանկերին»,- ասել է նա։

Ջանեթ Յելենը նաեւ տեղեկացրել է բանկերին լրացուցիչ իրացվելիություն ապահովելու նոր՝ Bank Term Funding Program դաշնային ծրագրի գործարկման մասին: «Այժմ իրավիճակը կայունանում է։ Ամերիկյան բանկային համակարգը շարունակում է ամուր մնալ: Տարածաշրջանային բանկերի ավանդներից միջոցների արտահոսքը կայունացել է: Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրավիճակին։ Իմ թիմը եւ ես անձամբ սերտ կապի մեջ ենք դաշնային եւ տարածաշրջանային կարգավորիչների, բանկային շուկայի մասնակիցների, օտարերկրյա գործընկերների հետ»,- նշել է ամերիկյան ֆինանսական գերատեսչության ղեկավարը։



Financial Times-ը օրերս գրել էր, որ Եվրոպայի ֆինանսական կարգավորիչները հայտարարել են ԱՄՆ իշխանությունների «ոչ կոմպետենտ» մոտեցման մասին՝ ամերիկյան Silicon Valley Bank-ի փլուզման հետեւանքները վերացնելու հարցում:

Թերթը նշել էր, որ Եվրոպայի առաջատար քաղաքական գործիչները մասնավոր զրույցներում «վրդովմունք են հայտնում» սնանկ բանկի ավանդատուներին փրկելու ԱՄՆ որոշման վերաբերյալ, ինչը կարող է խաթարել միջազգային համաձայնագրերը։ Պարբերականի զրուցակիցներից մեկն ասել էր, որ ցնցված է Վաշինգտոնի «լիակատար եւ բացարձակ ոչ կոմպետենտ մոտեցումից»։

ԱՄՆ-ում Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան երաշխավորում է մինչեւ $250 000-ի վերադարձ, սակայն SVB-ի եւ Signature Bank-ի դեպքում, ԱՄՆ կառավարության որոշմամբ, բոլոր ավանդատուներին ամբողջ ծավալով հասանելի կլինեն իրենց միջոցները:
Դիտում՝ 5561
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW