Reuters․ Թուրքիան մարտի սկզբից արգելել է սանկցիոն ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան

21.03.2023 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #Ռուսաստան #պատժամիջոցներ
Մարտի սկզբից Թուրքիայի կառավարությունն արգելել է ընկերություններին արտասահմանյան ապրանքներ ուղարկել Ռուսաստան՝ պատժամիջոցների տակ գտնվող արտադրանքի ցանկից։ Վերաարտահանման համար արգելված ապրանքների ցանկը Թուրքիայի իշխանություններն ուղարկել են ընկերություններին։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սեւ ու գունավոր մետաղներ արտահանողների ստամբուլյան ասոցիացիայի ղեկավար Չեթին Թեքդելիօղլուի տվյալները։

Նա լրագրողներին պատմել է, որ մարտ ամսից թուրքական ընկերություններին ներկայացվել  է դեպի Ռուսաստան արտասահմանյան ապրանքների վերաարտահանման սահմանափակումների ցանկը։ «Այդ ցանկից ցանկացած ապրանք արգելափակված է Ռուսաստանի համար՝ անկախ նրանից, թե որ երկրից են դրանք գալիս»,- ասել է Թեքդելիօղլուն։ Նրա փոխանցմամբ՝ դա «հնարավորություն» էր խուսափել ԵՄ-ի հետ առճակատումից, ուր միասնական մաքսային միության շրջանակում ուղարկվում է Թուրքիայի արտահանման կեսը։

Ասոցիացիայի ղեկավարի խոսքով՝ ցանկը ստեղծվել է՝ հաշվի առնելով արեւմտյան կառավարությունների «լուրջ նախազգուշացումները»։

Իր հերթին, Եվրամիության ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ Անկարան Եվրահանձնաժողովին բանավոր երաշխիքներ է տվել, որ մարտի 1-ից ԵՄ-ի, ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների եւ արտահանման վերահսկողության տակ գտնվող ապրանքները չեն տեղափոխվի Ռուսաստան: Թուրքիայի առեւտրի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններից։

Թեքդելիօղլուն պարզաբանել է, որ Թուրքիայում արտադրված ապրանքները, նույնիսկ այլ երկրների բաղադրիչներով, կարող են Ռուսաստան մատակարարվել առանց սահմանափակումների։

Նրա խոսքով՝ Թուրքիայի նոր սահմանափակումներն արդեն ստիպել են ռուսաստանցի ներմուծողներին այլընտրանքային մատակարարողների փնտրել Ղազախստանում եւ այլ երկրներում։ «Նրանց այլեւս չի անհանգստացնում արժեքը: Պարզապես փորձում են ավարտին հասցնել առաքումները»,- ընդգծել է ասոցիացիայի ղեկավարը։



Մարտի 9-ին «Կոմերսանտ FM»-ը տեղեկացրել էր, որ Թուրքիան անսպասելիորեն դադարեցրել է պատժամիջոցների տակ գտնվող բեռների տարանցումը դեպի Ռուսաստան։ Մաքսային համակարգն արգելափակում էր դրանց ձեւակերպումը։

Նման քայլն անսպասելի էր շուկայի համար, պարբերականին պատմել էին դրա մասնակիցները, ովքեր շտապ սկսել էին այլընտրանքային երթուղիներ փնտրել։ Նրանց խոսքով՝ խցանվել են հենց այն սանկցիոն ապրանքները, որոնք զուգահեռ ներմուծման միջոցով գնում են Ռուսաստան։

«Կոմերսանտ FM»-ի որոշ զրուցակիցներ պատժամիջոցների տակ գտնվող բեռների տարանցման դադարեցումը կապում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի վերջերս Թուրքիա կատարած այցի հետ։ Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ճնշման տակ են, գրել էր Financial Times-ը։ Այս երկիրը դարձել է դեպի Ռուսաստան էլեկտրոնիկայի մատակարարման կենտրոն։



Հաջորդ օրը՝ մարտի 10-ին, ի պատասխան RBC-ի հարցմանը, Թուրքիայում ՌԴ դեսպանատանը նշել էին․

«Ներկայում դեսպանությունն ու առեւտրային ներկայացուցչությունն աշխատանքներ են տանում՝ պարզելու մի շարք ռուսաստանյան ընկերությունների առեւտրային գործարքների ձեւակերպման հետ կապված առաջացող դժվարությունների հանգամանքներն ու իրական պատճառը։ Մենք կապի մեջ ենք Թուրքիայի իշխանությունների հետ: Հույս ունենք՝ մոտ ապագայում կարգավորել իրավիճակը»։
Դիտում՝ 6507
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW