Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծանոթացել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2022թ. գործունեության հաշվետվությանը:Ինչպես հայտնել են կառավարությունից, ներկայացվել է 2022թ. «Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից 3 հիմնական ուղղությամբ իրականացված աշխատանքները, այն է՝ «մեկ պատուհան» սկզբունքով օտարերկրյա եւ տեղացի ներդրողներին ներդրումներ իրականացնելու գործընթացում ուղեկցում, Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկում եւ Հայաստանի ներդրումային միջավայրի առաջմղում, նոր ներդրումների ներգրավում: Զեկուցվել է, որ «Էնթերփրայզ Արմենիա» է դիմել ավելի քան 610 գործարար եւ ներդրող, իսկ ստեղծումից ի վեր կառույցը տարբեր փուլերում աջակցություն է տրամադրել ավելի քան 1600 գործարարի։ Աշխատանք է տարվել 280-ից ավելի ներդրումային նախաձեռնության ուղղությամբ: Ուղեկցվող ընթացիկ ներդրումային ծրագրերի թիվը 40 է՝ $2.4-3.2 մլրդ ակնկալվող ծավալով, արդեն մեկնարկել է 26 ծրագիր՝ շուրջ $350 մլն ակնկալվող ծավալով: Նշվել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է ակտիվացնել թիրախային աշխատանքը՝ օտարերկրյա ներդրողների հետ ուղիղ շփումների, միջազգային հեղինակավոր միջոցառումներին մասնակցության, թվային եւ այլ հարթակներում Հայաստանի առաջմղման, արտերկրում ձեւավորված ներկայացուցիչների ցանցի եւ ինստիտուցիոնալ գործակցության միջոցով:Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ներդրումների ներգրավման, ներդրողներին օժանդակության մեխանիզմների եւ գործիքակազմի շարունակական բարելավումը՝ կառավարության հաստատած ռազմավարական մոտեցումներին համապատասխան: Tweet Դիտում՝ 4312