Բանկերն իրավունք ունեն օգտագործել ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման՝ SWIFT-ին այլընտրանք հանդիսացող եղանակները, եթե վարկային հաստատությունը չի գտնվում ԵՄ արգելափակող պատժամիջոցների տակ։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրամիության պարզաբանումներում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ վճարման հանձնարարականներ ստանալու այլընտրանքային կապուղիներ կարող են հանդիսանալ «ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման ոչ մասնագիտացված ծառայությունները»՝ թուղթը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը եւ այլն։Պատժամիջոցների ցանկում չներառված բանկերը նախկինի պես կարող են գործարքներ իրականացնել եվրոպական վարկային հաստատությունների հետ պատժամիջոցների չենթարկված առեւտրի համար (այսինքն՝ երբ սահմանափակումները չեն տարածվում արտահանման կամ ներմուծման վրա), պարզաբանվում է փաստաթղթում։Այս պարզաբանումը կարող է վերաբերել «Ռոսսելխոզբանկ»-ին, որն անջատված է SWIFT-ից, սակայն չի գտնվում ԵՄ արգելափակող պատժամիջոցների տակ։ SWIFT-ը դադարեցրել է «Ռոսսելխոզբանկ»-ի սպասարկումը 2022 թվականի հունիսի 14-ից։RBC-ն գրում է, որ դեռեւս 2023 թվականի հունվարին վարկային հաստատության կայքում նշված էր, որ բանկը նախկինի պես «ծառայություններ է մատուցում տարբեր արժույթներով դրամական փոխանցումներ կատարելու համար ինչպես ՌԴ տարածքում, այնպես էլ արտերկիր», քանի որ «արտասահմանյան հիմնական արժույթներով ուղղակի թղթակցային հարաբերություններ է հաստատել օտարերկրյա առաջատար բանկերի հետ»: Մարտի սկզբին այդ տեղեկատվությունն արդեն հեռացվել էր կայքից։ Ընդհանուր առմամբ, SWIFT-ից անջատված է ռուսաստանյան տասը բանկ։ Բացի «Ռոսսելխոզբանկ»-ից, դրանք են՝ Սբերբանկը, ՎՏԲ-ն, «Oткрытие» բանկը, Նովիկոմբանկը, Պրոմսվյազբանկը, «Ռոսիա»-ն, Սովկոմբանկը, ВЭБ.РФ պետական կորպորացիան եւ Մոսկվայի վարկային բանկը (МКБ): Դրանք բոլորը գտնվում են ԵՄ արգելափակող պատժամիջոցների տակ։Վերջերս պատժամիջոցներ են սահմանվել նաեւ Տինկոֆ Բանկի, Ռոսբանկի եւ Ալֆա-բանկի դեմ, իսկ անցած տարեվերջին ԵՄ պատժամիջոցների տակ էին հայտնվել Տարածաշրջանների զարգացման համառուսաստանյան բանկը (Всероссийский банк развития регионов) եւ Հեռավորարեւելյան բանկը (Дальневосточный банк)։ Այս վարկային հաստատություններն առանձին որոշմամբ չէին անջատվել SWIFT-ից, սակայն պատժամիջոցների արգելափակող բնույթը, որը ԵՄ-ում գտնվող կոնտրագենտներին արգելում է համագործակցել դրանց հետ, թույլ չի տալիս այս բանկերին օգտվել համակարգից։ Tweet Դիտում՝ 6415