Թվային դոլար. մտավախությունները շատ են, ապագան՝ անորոշ

02.03.2023 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նելլի Լիանգ #թվային դոլար #CBDC

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն աշխատանքային նոր խումբ կստեղծի, որը կուսումնասիրի թվային դոլարի հնարավոր գործարկման հետ կապված հարցերը։

Ինչպես հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը, խմբում կներառվեն ԱՄՆ ֆինանսների նախարարության, Դաշնային պահուստային համակարգի (FRS), Ազգային անվտանգության խորհրդի եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Առաջիկա ամիսներին խումբը կսկսի կանոնավոր քննարկումներ կենտրոնական բանկի թվային արժույթի (Central Bank Digital Currency - CBDC) եւ վճարային այլ նորարարությունների վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Նելլի Լիանգը (Nellie Liang) Վաշինգտոնում Atlantic Council վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ:

Սակայն, ըստ նրա, այս հայտարարությունը չպետք է ընդունվի որպես ազդանշան առ այն, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը լիովին ընդունել է թվային դոլարի հայեցակարգը, քանի որ իշխանությունները դեռ համոզված չեն՝ արդյոք CBDC-ի թողարկումը կհամապատասխանի ԱՄՆ ազգային շահերին:



Աշխատանքային խմբի քննարկումներն, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանան այն հարցերի վրա, թե արդյոք թվային դոլարը կօգնի պահպանել ԱՄՆ-ի համաշխարհային ֆինանսական առաջնորդությունը, արդյոք այն կծառայի ազգային անվտանգության շահերին եւ արդյոք այն կարող է պահպանել գաղտնիությունը՝ միաժամանակ կանխելով դրա օգտագործումը ֆինանսական անօրինական գործարքներում:

Ներկայում FRS-ն աշխատում է ԱՄՆ-ում բանկերի համար իրական ժամանակում վճարումների համակարգի ներդրման ուղղությամբ: Լիանգը նշել է, որ միջբանկային վճարումների այս բարելավված համակարգը կարող է համահարթել CBDC-ների գրավչությունը:

Նա նաեւ հիշեցրել է քաղաքական գործիչների մտավախություններն այն մասին, որ CBDC-ի լայն հասանելիությունը կարող է սպառնալ ավանդական բանկային համակարգի կայունությանը: Նրա խոսքով՝ թվային դոլարի զանգվածային տարածումը կարող է «ապակայունացնել մասնավոր հատվածի վարկավորումը սթրեսային ժամանակահատվածներում»:



Միաժամանակ, անկախ նրանից՝ կընդունի Միացյալ Նահանգները  CBDC-ը, թե ոչ, Բայդենի վարչակազմը մտադիր է մասնակցել բազմաթիվ թվային արժույթների ծավալման միջազգային քննարկմանը։ Փոխնախարարի խոսքով՝ աշխատանքային նոր խումբն այս հարցի շուրջ կհամագործակցի այլ երկրների կառավարությունների եւ միջազգային կառույցների հետ։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի CBDC-ներն անվտանգ եւ արդյունավետ կերպով ինտեգրվեն առկա ֆինանսական ենթակառուցվածքին եւ պահպանեն ֆինանսական կայունությունն ու միջազգային ֆինանսական համակարգի ամբողջականությունը»,- ասել է Լիանգը:

Դիտում՝ 8025
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW