ՊԵԿ. «Նոր Զովքի» պակաս վճարված հարկը կազմել է շուրջ 4․1 մլրդ դրամ

02.03.2023 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ /
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է հանգամանքներ, թե ինչպես է «Նոր Զովք» ընկերությունը թաքցրել իրական իրացման շրջանառությունը՝ պետական բյուջե չվճարելով խոշոր չափի հարկեր։

ՊԵԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

«ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ «Նոր Զովք» ՍՊԸ անվամբ գործող՝ «Զովք» սուպերմարկետների հսկիչ-դրամարկղային մեքենաներն ինտեգրված են արտաքին առեւտրային ծրագրերին, մասնավորապես, «1 С» ծրագրին եւ գեներացվող ֆիսկալ հասույթները ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազա են ուղարկվում վերջիններիս միջոցով։

Նույն տեղեկությունների համաձայն՝ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առեւտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին, իսկ որոշ դեպքերում տրամադրվում են նաեւ ներքին կտրոններ, որոնց վրա բացակայում են ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պարտադիր վավերապայմանները:

 Արդյունքում, ընկերությունը թաքցրել է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկել եւ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր։

2022 թ. հոկտեմբերի 17-ից մինչեւ նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է տարբեր տեսակի ապրանքների 35 հսկիչ գնում՝ ծածկագրված եղանակով։ Արդյունքում, կատարված հսկիչ գնումներից 24-ի դեպքում հաստատվել են ստացված օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ կատարված 8 հսկիչ գնման ընթացքում շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ 3 դեպքում՝ ընկերության կողմից ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվել, այլ տրամադրվել են ներքին կտրոններ։

Ձեռք բերված ելակետային տվյալների հիման վրա կատարվել է հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության եւ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից «Զովք» սուպերմարկետների ցանցում, ինչպես նաեւ քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում, դատարանի որոշումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով իրականացվել են խուզարկություններ։ Արդյունքում, հայտնաբերվել եւ առգրավվել են քրեական վարույթով կարեւոր նշանակություն ունեցող առարկաներ եւ փաստաթղթեր:

«Նոր Զովք» ՍՊԸ-ի ծրագրային ապահովումն իրականացնող «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ն՝ Երեւանի Բաղրամյան պողոտայի 31ա 23 հասցեում գտնվող գրասենյակում վարույթային գործողությունների ընթացքում առարկաների եւ փաստաթղթերի զննման, շինության խուզարկության, միաժամանակ օպերատիվ տվյալների համադրության արդյունքում պարզվել է, որ ընկերությունն իր գրասենյակից դուրս օգտագործում է տվյալների շտեմարան` սերվեր, սակայն ընկերության հիմնադիր եւ իրական շահառու Վ․ Ս․ -ն եւ մյուս աշխատակիցներն անընդհատ պնդել են, որ ընկերությունը տվյալների առանձին շտեմարան չունի:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տարբեր բնագավառներում, այդ թվում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների եւ օպերատիվ տվյալների միաժամանակյա կիրառման արդյունքում պարզվել է, որ ընկերության տեղեկատվության սերվերը կարող էր գտնվել առավելագույնը 10 կմ հեռավորության վրա: Ընդ որում, նշված երկու հասցեների միջեւ ինտերնետային հասանելիության կապը ապահովված էր առանց որեւէ ինտերնետ պրովայդերի մասնակցության՝ կիրառելով, այսպես կոչվող, «Dark Fiber» ուղիները՝ նպատակ ունենալով քողարկել եւ վերահսկողությունից դուրս պահել սերվերի հասցեն։

Օպերլիազորներն անմիջապես օպերատիվ հսկողություն են սահմանել նշված եւ հարակից հասցեներում, որի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ի տվյալների շտեմարանը` սերվերը, գտնվում է Երեւանի Բաղրամյան պողոտայի 77/5 հասցեում, որն ի դեպ, «Ակթրեյդ Սոֆթ» ընկերությունից գտնվում է մոտ 1,6 կմ հեռավորության վրա եւ իրենից ներկայացնում է երեք հարկանի շինություն։

Խուզարկության արդյունքում շինության նկուղային հարկի վերջնամասում՝ արկղերով եւ ալյուրի պարկերով քողարկված, հայտնաբերվել է փակ դուռ, որից ներս գտնվել է տվյալների շտեմարանը:

Միջոցառումների շրջանակում հետազոտվել է տվյալների շտեմարանը: Արդյունքում պարզվել է «Նոր Զովք» ընկերությունն առեւտուր իրականացնող գնորդներին տրամադրել է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկել հարկային մարմին, մասնավորապես՝ 2022 թ-ի հոկտեմբերի 19-ին ժամը 15։24-ին օպերլիազորները ծածկագրված եղանակով՝ Խորենացի փողոցի 33/7 հասցեում գործող՝ «Զովք» սուպերմարկետից կատարել են հսկիչ գնում: Գնվել է պանիր, հում ապխտած երշիկ, ֆիլե, լավաշ, պոլիէթիլենային տոպրակ, հալած պանիր, գազավորված ջուր, կաթնային շոկոլադ: Տվյալ կտրոնի տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ ՊԵԿ ոչ ամբողջությամբ, արդյունքում նշված գնման համար վճարված շուրջ 7 հզր 133 դրամի գումարից հարկային մարմին ուղարկվել է 6. 060 դրամ գումարը: Իսկ տարբերությունը 1080 դրամի գումարը չի ուղարկվել, այլ պահպանվել է «Նոր Զովք» ընկերության հաշվապահական հաշվառման վարման տվյալների շտեմարանում: Եվ սա ընդամենն այս մեկ դեպքով:

Միաժամանակ, վարույթային գործողությունների արդյունքում վեր են հանվել «Զովք» սուպերմարկետների՝ 2019-2023 թթ-ի վաճառքներից ձեւավորված իրական հասույթները։ Արդյունքում, ձեռքբերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ, ըստ նախնական տվյալների ընկերությունը նման հանցավոր գործելաոճի արդյունքում՝ 2019թ․-ից մինչեւ 2023թ․-ի հունվար ամիսը՝ թաքցնելով իրական իրացման շրջանառությունը, թերհայտարարագրել է շուրջ 13․2 մլրդ դրամի հարկվող օբյեկտ, իսկ պակաս վճարված հարկը կազմել է շուրջ 4․1 մլրդ դրամ։ Ներկայում, միջոցառումներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու համար:

ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին չիրականացնել ծրագրային միջամտություններ, քանի որ կոմիտեն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բավարար գործիքակազմ` հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու օրինազանցներին»,-ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Մանրամասները՝ ՊԵԿ տեսանյութում:

Դիտում՝ 2607
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW