Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի գործունեության 2022թ. հաշվետվությունը։Կառավարությունից հայտնել են, որ ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ներքին եւ ներգնա զբոսաշրջության զարգացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նշվել է, որ Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում մշակվել է նոր միասնական զբոսաշրջային բրենդ՝ «Armenia, The Hidden Track» կարգախոսով (4 զբոսաշրջային ուղղություններով` մշակութային, բնահենք, արկածային եւ գաստրո), որի արդյունքում Հայաստանը թիրախավորվում է որպես գրավիչ եւ հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն: Ներքին զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում ներդրվել է պետության կողմից սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող ծառայությունների համակարգման էլեկտրոնային համակարգ եւ գրանցվել է ներքին զբոսաշրջության տարեկան 30% աճ: Ներգնա զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ՀՀ մարզերում անցկացվել է 3 փառատոն՝ շուրջ 45000 այցելուով, 4 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես՝ 30 կազմակերպության մասնակցությամբ, իրականացվել են Հայաստան ճանաչողական այցեր՝ շուրջ 20 զբոսաշրջային օպերատորի, 10 ԶԼՄ ներկայացուցչի եւ հեռուստաընկերությունների մասնակցությամբ, 7 հոդված է տպվել հայտնի ճամփորդական պարբերականներում, գործարկվել է www.armenia.travel պաշտոնական կայքը: Ըստ զեկույցի, 2022թ. Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1.67 մլն մարդ, իսկ 2021թ.՝ 870,000, աճը կազմել է 92%: Ներքին զբոսաշրջության տարեկան աճը կազմել է 20%, 2022թ.՝ 1,696,052, իսկ 2021-ին՝ 1,430,503: Ներկայացնելով մինչեւ 2026թ. նախատեսված նպատակները՝ նշվել է, որ ակնկալվում է տարեկան 2.5 մլն զբոսաշրջիկի այցելություն, 20 զբոսաշրջային կլաստերների զարգացում, 50 պատմամշակութային օբյեկտի վերականգնում: Tweet Դիտում՝ 2978