Նախօրեին Կիեւում ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի հետ հանդիպմանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան կողմին հորդորել է ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։«Կարեւոր հանդիպում Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի հետ: ԱՄՆ-ն այս պատերազմի առաջին իսկ օրից մեզ ուժեղ աջակցություն է ցուցաբերում ոչ միայն զենքով, այլեւ՝ ֆինանսական ճակատում: Մենք շատ ենք գնահատում դա»,- բանակցությունների արդյունքներով գրել է Զելենսկին Telegram ալիքում։Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «զրուցակիցները քննարկել են ռուսաստանյան ագրեսիայի հետեւանքով ուկրաինական ավերված ենթակառուցվածքների վերականգնման հարցը։ Ընդգծվել է համապատասխան ծրագրերի իրականացմանը մասնավոր հատվածի ներգրավման արդիականությունը»։Զելենսկին նաեւ նշել է փետրվարի 24-ին ԱՄՆ վարչակազմի որոշումը՝ 2023 թվականին Ուկրաինային որպես բյուջետային աջակցություն $9,9 միլիարդ հատկացնելու մասին։ Նրա խոսքով` այդ միջոցները չափազանց կարեւոր են, քանի որ թույլ են տալիս ծածկել պետական բյուջեի չապահովված մասը եւ աջակցել բնակչության այն շերտերին, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն։ԱՄՆ Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգներն Ուկրաինային են փոխանցել այդ բյուջետային օգնության առաջին մասնաբաժինը՝ $1,2 միլիարդի չափով: Իսկ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ համատեղ ճեպազրույցում Ջանեթ Յելենն ասել է, որ լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ օգնությունն Ուկրաինային անվտանգության, տնտեսության, հումանիտար եւ սոցիալական աջակցության ոլորտներում կազմել է մոտ $50 միլիարդ։ 24.02.2023 | 10:14 «Մեծ յոթնյակ»-ն այս տարի $39 միլիարդի ֆինանսական օգնություն կհատկացնի Կիեւին Միաժամանակ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, Ջանեթ Յելենը Կիեւ կատարած այցի ժամանակ նշել է լուրջ խոչընդոտների մասին՝ կապված ռուսաստանյան սառեցված խոշոր ակտիվների բռնագրավման հետ։«Մենք ոչ մեծ մասշտաբներով դուրս ենք բերել ակտիվներ, բայց, իհարկե, իրավական դժվարություններ կան դրանից ավելին անելու համար»,- ասել է նա:Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ իշխանությունները նախկինում բռնագրավել են ռուսաստանյան այն ակտիվները, որոնք, ըստ ամերիկյան կողմի, կապված են հանցավոր գործունեության հետ։ Այնուամենայնիվ, դժվարություններ կան ՌԴ Կենտրոնական բանկի՝ պատժամիջոցների պատճառով սառեցված միջոցների եւ ռուսաստանյան այլ խոշոր ակտիվների բռնագրավման հետ կապված: Tweet Դիտում՝ 4732