«Բարեգործական կառույցները եւս պետք է բարձրաձայնեն հումանիտար ճգնաժամի մասին»

18.02.2023 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #Ռուբեն Վարդանյան #Արմեն Մանգասարյան
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շուրջ 40 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ առցանց հանդիպմանն ասել է, որ «ստեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ, որը թույլ չի տալիս մարդկանց նորմալ եւ լիարժեք կյանք վարել»։

«Այդ իմաստով շատ կարեւոր է, որ դուք եւս բարձրաձայնեք այդ մասին։ Կարեւոր է ոչ միայն ձեր նյութական օգնությունը, այլեւ այն, որ ձեր ձայնը հնչի, խնդիրը ճիշտ ներկայացվի աշխարհին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Արցախի սուբյեկտայնության բարձրացման առումով կարեւոր դեր ունեն նաեւ բարեգործական  կազմակերպությունները

Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նրանց գործունեության եւ այս դժվարին իրավիճակում Արցախի ու Արցախի ժողովրդի կողքին լինելու համար:

Նա ներկայացրել է իրավիճակն Արցախում՝ նշելով, որ ճգնաժամը չի արտահայտվում միայն սննդի կամ վառելիքի բացակայությամբ, այն խորքային ազդեցություն է ունենում հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա. «Շրջափակումը  խնդիրներ է առաջացրել ոչ միայն ամենօրյա կյանքում, այլեւ տնտեսության, կրթության, մշակույթի եւ այլ  ոլորտներում։ Մեր տնտեսությունն ամեն օր հսկայական վնասներ է կրում»:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ու ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը:

Նախարարն ընդգծել է, որ բարեգործական եղանակով ստացված բեռները բաշխվում են բացառապես անվճար՝ սոցիալապես անապահով խմբերին: Գործընթացներն իրականացվում են թափանցիկ հիմունքներով, եւ այդ մասին հաշվետվությունները ներկայացվելու են բարեգործական կազմակերպություններին:

Արմեն Մանգասարյանը կարեւորել է նաեւ բարեգործական կազմակերպությունների հետ արդյունավետ գործակցությունն ու մշտական կապը, որպեսզի կազմակերպությունները տեղեկանան առկա կարիքների մասին եւ նրանց օժանդակությունն առավել թիրախային լինի:
Դիտում՝ 4277
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW