Մինչեւ 2 տարի ազատազրկում՝ Մեծ Բրիտանիայում անօրինական կրիպտոգովազդի համար

08.02.2023 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեծ Բրիտանիա #կրիպտոնախագծեր #գովազդ
Մեծ Բրիտանիայում կրիպտոնախագծերի գովազդի կանոնները չպահպանելու համար քրեական պատասխանատվություն կկիրառվի, որը նախատեսում է մինչեւ 2 տարի ազատազրկում։

RBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսական կարգավորման եւ վերահսկողության վարչությունը (FCA) իր կայքում զգուշացրել է նոր կանոնների մոտալուտ ներդրման մասին։

Մեծ Բրիտանիայում տեղակայված կրիպտոընկերությունները 2020 թվականի հունվարից պետք է գրանցվեն FCA-ում եւ պահպանեն Փողերի լվացմանը հակազդող կանոնները (MLR): Նոր քաղաքականության համաձայն՝ կրիպտոարժույթների եւ դրանց հետ կապված ծառայությունների գովազդը նույնպես պետք է հավանության արժանանա կարգավորիչի կողմից։

Բրիտանական եւ արտասահմանյան ընկերությունները, որոնք երկրի շուկայում զբաղվում են կրիպտոակտիվներով, կկարողանան գովազդել իրենց պրոդուկտները FCA-ում գրանցված լինելու դեպքում: Հակառակ պարագայում, կրիպտոակտիվներով պրոդուկտների կամ ծառայությունների առաջմղումը հնարավոր կլինի FCA-ի լիազորված ներկայացուցիչների միջոցով կամ կարգավորիչի թույլտվությամբ՝ MLR-ի կանոնները պահպանելու դեպքում։

Այդ կանոններին չհամապատասխանող գովազդային արշավները կհամարվեն Ֆինանսական ծառայությունների եւ շուկաների մասին 2000 թվականի օրենքի (FSMA) խախտում, ինչը  հանցագործություն է, որի համար նախատեսված է մինչեւ 2 տարի ազատազրկում, ասված է կարգավորիչի հաղորդագրության մեջ:

Կանոնների վերջնական տարբերակը դեռեւս հրապարակված չէ, սակայն FCA-ն զգուշացնում է կրիպտոընկերություններին, որ վերջիններս կրիպտոծառայությունների առաջմղման ոլորտում պետք է պատրաստ լինեն նորամուծություններին։ Նոր կանոնները կկազմեն Ֆինանսական ծառայությունների եւ շուկաների մասին օրենքի մի մասը, որը կդառնա Մեծ Բրիտանիայում ֆինանսական կարգավորման հիմքը: Այժմ փաստաթուղթն ուսումնասիրվում է երկրի խորհրդարանում։
Դիտում՝ 4859
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW