Դիլիջանում կայացել է քաղաքային զբոսայգու վերակառուցման ծրագրի ամփոփիչ շնորհանդեսը

06.02.2023 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դիլիջան #քաղաքային զբոսայգի #վերակառուցում
Տեղի է ունեցել Դիլիջանի քաղաքային զբոսայգու վերակառուցման եւ զարգացման ծրագրի ամփոփիչ շնորհանդեսը։

Հանդիպումը դիլիջանցիների եւ քաղաքի հյուրերի հետ անցկացվեց բաց քննարկման ձեւաչափով: Միջոցառմանը ներկա էին տարբեր մասնագիտությունների եւ տարիքային խմբերի ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում հնչեցրած կարծիքներն ու գաղափարները հաշվի կառնվեն վերջնական հայեցակարգը մշակելիս:

Դիլիջանի քաղաքային զբոսայգին քաղաքի գլխավոր կանաչ հանրային տարածքն ու ժամանցի վայրն է: Ներկայումս այն չի համապատասխանում բարեկարգման ժամանակակից չափանիշներին։ 2022 թվականին, Դիլիջանի համապարփակ զարգացման ծրագրի շրջանակում, «Իմպուլս մենեջմենթ քոմփանի ընկերությունը» եւ «Project Group 8» թիմի ճարտարապետները նախաձեռնեցին զբոսայգու վերակառուցման ծրագիրը։

Զբոսայգու վերակառուցման ծրագիրը մասնակցային մեթոդի կիրառմամբ առաջին նախագիծն է Հայաստանում. բացի ճարտարապետներից, սոցիոլոգներից, անտրոպոլոգներից, դենդրոլոգներից, ջրային ինժեներներից եւ այլ մասնագետներից նախագծի մշակման գործընթացում ներգրավված են նաեւ տեղի բնակիչները։

Նախապատրաստական փուլում ճարտարապետների թիմը, համագործակցելով Socies սոցիոլոգիական կենտրոնի եւ Urbanista.am մեդիա հարթակի հետ, իրականացրել է 32 էքսպրես հարցազրույց այգու այցելուների, 29 անձնական եւ խմբային հարցազրույց դիլիջանցիների հետ, 12 ֆոկուս խմբեր եւ 3 քաղաքային քննարկում։ Արդյունքում հավաքագրվել է քաղաքի բնակիչների կարծիքներն ու պահանջները արտահայտող 267 հարցաթերթ։ Ընդհանուր առմամբ, զբոսայգու զարգացման հայեցակարգի մշակմանը մասնակցել է ավելի քան 600 մարդ։

Այգու այցելուների եւ նրանց կարիքների ուսումնասիրությունը նախնական փուլում բացահայտել է դիլիջանցիների հինգ հիմնական պահանջները, որոնք էլ ներկայացվել են նախագծում.

1. Զբոսայգին պետք է աշխատի ցանկացած եղանակին (անհրաժեշտ են անձրեւապաշտպան ծածկեր, հարմարավետ արահետներ, ձմեռային հանգիստն ապահովող ենթակառուցվածքներ):

2. Այգին պետք է համալրվի ստեղծագործելու եւ սովորելու համար հարմարավետ տարածքներով:

3. Այգում բացակայում են ջրի հետ փոխգործակցության պայմանները (կառանման տեղեր եւ նավակներ, հասանելի առափնյա, կանոնակարգված ձկնորսություն):

4. Զբոսայգում պետք է ստեղծվեն քաղաքի եւ անտառի միջեւ շփման կետեր (ելքեր դեպի արշավային արահետներ, կապ Ազգային պարկի հետ):

5. Զբոսայգին Դիլիջանի այցեքարտն ու պատկերն է, մշակույթի, պատմության, ինքնության արտացոլանքը:

Զբոսայգու բարեկարգման ծրագիրը կմեկնարկի փուլերով եւ կներառի.

- արհեստական լճի գոտու բարեկարգում: Այստեղ նախատեսվում է ստեղծել հանրային տարածքներ եւ ենթակառուցվածքներ՝ ջրային ռեսուրսների օգտագործման համար:

- հին հյուրանոցին հարող տարածքի բարելավում, որը նախատեսված է դարձնել մշակութային խոշոր միջոցառումների անցկացման գլխավոր վայր

- առափնյայի եւ կենտրոնական ծառուղու բարեկարգում

- բացօթյա աշխատանքի, զբոսախնջույքների եւ փոքրածավալ միջոցառումների համար նախատեսված բաց տարածքի ստեղծում

- գործող խաղահրապարակի ընդլայնում եւ վերանորոգում

- առկա սպորտային ենթակառուցվածքների արդիականացում, ինչպես նաեւ նոր սպորտային օբյեկտների գործարկում՝ բացօթյա եւ փակ տարածքներում:

Դիլիջանի քաղաքային զբոսայգու վերակառուցման եւ զարգացման ամբողջական ծրագիրը, սոցիոլոգիական հետազոտությունները, քաղաքային քննարկումների արդյունքները, ինչպես նաեւ գաղափարների եւ առաջարկությունների վերաբերյալ հետադարձ կապ հաստատելու ձեւը հասանելի են ծրագրի պաշտոնական կայքում:
Դիտում՝ 16100
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW