Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան եւ Ռումինիան աշխատանքային խումբ են ստեղծել՝ Ադրբեջանից դեպի Կենտրոնական Եվրոպա էլեկտրաէներգիա մատակարարելու նախագծի իրականացման համար։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Բաքվում չորս երկրների ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով տեղեկացրել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:«Ադրբեջանից Վրաստանի եւ Ռումինիայի տարածքներով դեպի Հունգարիա մաքուր էլեկտրաէներգիա տեղափոխելու լայնածավալ նախագիծը կնպաստի երկու կարեւոր նպատակների իրականացմանը։Դրանում ներդրումները կօգնեն ամրապնդել մեր էներգետիկ անվտանգությունը եւ պաշտպանել մոլորակի կլիման: Այս համատեղ ներդրումը եզակի է, քանի որ մենք Սեւ ծովի հատակով կանցկացնենք աշխարհի ամենաերկար ստորջրյա էլեկտրական մալուխը՝ 1195 կմ: Այսօր Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան եւ Հունգարիան աշխատանքային խումբ են ստեղծել եւ խնդիր են դրել պատրաստել տեխնիկատնտեսական հիմնավորում այս նախագծի համար»,- գրել է Սիյարտոն Facebook-ում։Դեկտեմբերին Բուխարեստում չորս երկրների առաջնորդները համաձայնագիր էին կնքել Ադրբեջանից Վրաստանի տարածքով եւ այնուհետեւ ստորջրյա մալուխով դեպի Ռումինիա, իսկ այնտեղից էլ` Հունգարիա էլեկտրաէներգիա մատակարարելու մասին։ Դրանից անմիջապես հետո Սիյարտոն հայտարարեց, որ ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատվիրվել էր դեռեւս ապրիլին իտալական ընկերությանը, իսկ դրա արժեքը՝ €2,5 միլիոնը, կհոգա Համաշխարհային բանկը: Փաստաթուղթը պատրաստ կլինի 2023 թվականի վերջին։Սիյարտոն նշել է, որ Եվրահանձնաժողովն այս նախագիծը կարեւոր է համարում ամբողջ Եվրոպայի համար եւ դրա համար հատկացրել է €2,3 միլիարդ: Ներդրումները նախատեսված են մինչեւ չորս տարի ժամկետով։ Նախատեսվում է, որ Ադրբեջանից Վրաստանի եւ Ռումինիայի տարածքներով եկող էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի մի մասը կօգտագործվի Հունգարիայում, իսկ մի մասն այնտեղից կուղղվի այլ երկրներ։ Էլեկտրահաղորդման գծի երկայնքով նախատեսվում է անցկացնել օպտիկամանրաթելային մալուխ։ Tweet Դիտում՝ 9828