ԿԲ նախագահ. 2022-ին ոչ ռեզիդենտների ավանդների աճը կազմել է 96.3%
31.01.2023 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«2022 թվականին ՀՀ-ում գրանցված գնաճը 2023 թվականի երկրորդ կեսից աստիճանաբար կթուլանա եւ կկայունանա նպատակային 4-4.5%-ի միջակայքում։
Ներկա պահին գնաճը թեեւ աստիճանաբար մեղմանում է, բայց դեռ շարունակում է որոշակի ազդեցություն ունենալ տնտեսության առանձին ոլորտներում։
2022 թվականի վերջին ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվությունը պահպանվել է, որին շարունակել է նպաստել առեւտրի եւ ծառայությունների ոլորտում ձեւավորված արտաքին բարձր պահանջարկը։ Միաժամանակ, պահպանվել են արտահանման եւ ՀՆԱ-ի ներուժի դրական միտումները ծառայությունների ու արդյունաբերության ճյուղերում»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահը:
Մարտին Գալստյանը նշել է, որ ապրանքների համաշխարհային գները նվազում են.
«Կան ապրանքներ, օրինակ, յուղերը, որոնց գները կտրուկ են նվազում, կան նաեւ ապրանքներ, օրինակ, կաթնամթերքը, որոնց գների տատանողականությունը մեծ չէ: Ներմուծվող ապրանքների գները նվազում են:
2022 թվականին ներմուծվող պարենային ապրանքների գների վրա ազդել է փոխարժեքի վարքագիծը, որը տարվա ընթացքում արժեւորվում էր: Այս ամենի հանրագումարը թույլ է տալիս ակնկալել, որ 2023 թվականին գնաճային ճնշումները ավելի մեղմ կլինեն»:
ԿԲ նախագահի խոսքով՝ բարձր պահանջարկը դեռ պահպանվում է աշխատուժի շուկայում, որն արտահայտվում է աշխատավարձերի աճով, ինչն էլ իր հերթին առաջացնում է առանձին ծառայությունների ու ապրանքների գների աճ։
Մարտին Գալստյանն ասել է, որ 2022 թվականի արդյունքում ավանդներն աճել են.
«Ավանդներն աճել են մոտ 43%-ի չափով, որից ռեզիդենտների ավանդների աճը 29.4% է, ոչ ռեզիդենտների ավանդների աճը՝ 96.3%: Ռեզիդենտների ավանդների պաշարային ցուցանիշը 2022 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 3 միլիարդ 370 միլիոն դրամ, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ 1 միլիարդ 287 միլիոն: Հիմնականում աճի բարձր տեմպ ունեցել են ոչ ռեզիդենտների ավանդները»:
Մարտին Գալստյանը նշել է, որ 2023 թվականին ԿԲ կանխատեսումներով շինարարության ճյուղն ունենալու է բարձր աճ. «Արդյունքում կլինի արդյունաբերության 5.7% աճ, իսկ տնտեսական աճը տարվա ընթացքում ԿԲ կանխատեսումներով կկազմի 4.6%»:
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: