ԿԲ կանխատեսմամբ՝ 12-ամսյա գնաճը 2023-ի 2-րդ կեսից կկայունանա 4%-ի շուրջ
31.01.2023 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ

«2022 թվականի վերջին համաշխարհային եւ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը շարունակվել է: Համաշխարհային գնաճը եւս նվազում է՝ պայմանավորված որոշ հումքային եւ պարենային ապրանքների գների նվազմամբ: Այնուամենայնիվ, հարաբերականորեն ընդլայնված պահանջարկը նպաստում է գնաճային միջավայրի պահպանմանը: Ուստի, զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում դեռեւս կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Դա կնպաստի համաշխարհային պահանջարկի թուլացմանը եւ միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի ճշգրտմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցությունների թուլացում:
2022 թվականի վերջին ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվությունը պահպանվել է, որին շարունակել է նպաստել ծառայությունների ոլորտում ձեւավորված արտաքին բարձր պահանջարկը: Միաժամանակ, պահպանվել են արտահանման եւ ՀՆԱ ներուժի ավելացման դրական միտումները ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերում: Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժեւորման եւ արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ ընդհանուր գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը դեռեւս արտահայտվում է աշխատուժի շուկայում եւ նպաստում աշխատավարձերի եւ առանձին ապրանքների ու ծառայությունների գների աճին»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:
ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ներկայումս քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Խորհուրդը հետեւողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գների կայունացում եւ չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի եւ 2023թ-ի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: