€51 մլն՝ Սյունիքին. Մեկնարկել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը»

18.01.2023 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Սյունիք
Մեկնարկել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը»:

Այն Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» համահունչ է ՀՀ Կառավարության կողմից սահմանված՝ Սյունիքի մարզի զարգացման, ինչպես նաեւ՝  ԵՄ Տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության վերաբերյալ ուղենշային ծրագրի առաջնահերթություններին։

Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը, մասնավորապես նպաստելով՝

•    միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար գործարար միջավայրի բարելավմանը եւ մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը,

•    քաղաքացիակենտրոն եւ որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը,

•    տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառմանը եւ կենսաբազմազանության պահպանությանը, կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։

«Եվրոպական միությունը հանձնառություն է ստանձնել Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքի միջոցով նպաստել առավել կարիքի մեջ գտնվող մարզերի զարգացմանը», - իր խոսքում ասել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:  
 
«Սյունիքն իրապես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, ուստի մարզի կայուն զարգացմանը միտված ցանկացած ծրագիր գտնվում է Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում: Ավելին, ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներն էլ ավելի են ընդգծում Սյունիքի ռազմավարական դերը, այդ թվում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման ճանապարհին»,-իր ելույթում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ €51 միլիոն. այն կարող է հետագայում ավելանալ, քանի որ նախաձեռնությունը ճկուն մեխանիզմ է եւ բաց է ԵՄ անդամ պետությունների համար՝ միանալու եւ իրականացնելու Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։

ԵՄ հայաստանյան գրասենյակից հայտնել են, որ «Սյունիքի վերականգնման, դիմակայունության եւ զարգացման ծրագիրը» համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Ավստրական զարգացման համագործակցության կողմից, ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ €11 միլիոն բյուջե ունեցող ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել միկրո, փոքր եւ միջին բիզնեսների մրցունակության բարձրացմանը եւ օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար։ 60 ամիս տեւողությամբ այս ծրագրի իրականացումը մեկնարկում է 2023թ. հունվարին։

«Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում, «Մարդը կարիքի մեջ», «Կարիտաս Հայաստան» եւ «Վիննեթ Հայաստան» հասարակական կազմակերպությունների կողմից։ €1.6 միլիոն բյուջե ունեցող ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ համայնքային իշխանությունների միջեւ արդյունավետ համագործակցության միջոցով Սյունիքի մարզում կայուն ֆինանսավորման մոդելներ կիրառող համայնքահեն սոցիալական ծառայությունների ներդրմանը։ 36 ամիս տեւողությամբ այս ծրագրի իրականացումը մեկնարկում է 2023 թ․ փետրվարին։
Դիտում՝ 15960
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW