Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 2022թ. հաշվետվությունը

21.11.2022 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #ֆիննախ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ֆինանսների նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը:

Կառավարությունից հայտնել են, որ փոխնախարար Վահե Հովհաննիսյանը զեկուցել է բյուջետային համակարգի բարելավման եւ միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Նա նշել է, որ միջազգային համագործակցության ոլորտում իրականացվել են $200 մլն եւ €150 մլն ծավալով բյուջետային աջակցության 4 վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքներ՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Զարգացման ֆրանսիական գործակալության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի հետ, €49.1 մլն ծավալով 2 վարկային համաձայնագրի կնքման աշխատանքներ ՀԲ հետ, փորձի փոխանակման նպատակով կայացել են ՖՆ բարձրաստիճան պատվիրակությունների այցեր ՌԴ, Վրաստան, Իրան եւ այլն:

Փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում աշխատանք է տարվել հարկային եկամուտների կանխատեսման ու ներուժի գնահատման, ռոյալթիի համակարգի կատարելագործման ուղղությամբ: Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է հարկման այլընտրանքային համակարգերի վերանայում, աուդիտորական կազմակերպությունների ստուգումների կազմակերպում՝ անկախ փորձագետների ներգրավմամբ եւ այլն:

Փոխնախարար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է մակրոտնտեսական քաղաքականության եւ պարտքի կայունության բնագավառում իրականացված միջոցառումները. բարելավվել է հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության եւ կանխատեսումների գործիքակազմը, շարունակվել է միջազգային գործընկերների հետ աշխատանքը, իրականացվել է եւ նախատեսվում է շարունակել դրամային պարտքի կշռի հավասարակշռված եւ սահուն ընդլայնում, ներդրվել է «Կայունացման հաշվի» կառավարման համակարգը, որը թույլ կտա աջակցել հարկաբյուջետային քաղաքականության կայուն իրականացմանը, հակազդել տնտեսական շոկերին: Առաջիկա ծրագրերի շարքում կիրականացվեն հարկային եկամուտների կանխատեսման եւ պարտքի կառավարման համակարգերի բարելավման ծրագրեր:

Հաղորդվում է, որ փոխնախարար Ավագ Ավանեսյանն անդրադարձել է գնումների քաղաքականությանը եւ ֆիսկալ ռիսկերի կառավարմանը: Նշվել է, որ կատարվել են գնումների համակարգի արագության եւ որակի արդյունավետ հավասարակշռությանն ուղղված աշխատանքներ:
 
Կառավարության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հարկաբյուջետային քաղաքականության մի շարք ուղղություններով մեկնարկած բարեփոխումները, այդ թվում՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը եւ հանձնարարել պատշաճ հանրային իրազեկում իրականացնել:    
Դիտում՝ 2066
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW