Մասկի վերջնագիրը հանգեցրել է Twitter-ի աշխատակիցների զանգվածաբար հեռանալուն
18.11.2022 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ixbt.com

RB.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Bloomberg-ը, Reuters-ը եւ CNN-ը։
Ավելի վաղ գործարարն իր աշխատակիցներին առաջարկել էր ընտրություն կատարել՝ ընդունել «կոշտ մշակույթը» եւ պատրաստվել երկարաժամյա ինտենսիվ աշխատանքի, կամ լքել ընկերությունը: Մասկը մտածելու համար մեկ օր էր տվել:
Երկու աշխատակից CNN-ին պատմել են, որ չեն համաձայնվի նոր պայմաններին եւ չեն ցանկանում աշխատել թունավոր մթնոլորտում, որը ստեղծել է սոցցանցի նոր ղեկավարը։ Ընկերության նախկին մենեջերը կրճատումների շարքը «զանգվածային արտահոսք» է անվանել։ Մեկ այլ աշխատակից գրել է, որ Twitter-ում աշխատանք գտնելու որոշումը շատ հեշտ է եղել, սակայն դուրս գալը չափազանց դժվար է ստացվել։
Պարբերականի տվյալներով՝ Twitter-ի ղեկավարությունը մտահոգված է ընկերությունից հեռանալ ցանկացողների թվով։ Նախկին աշխատակիցը CNN-ին ասել է, որ մարդիկ պատրաստ չեն վտանգի ենթարկել իրենց հոգեկան առողջությունը եւ զոհաբերել անձնական կյանքը՝ աշխարհի ամենահարուստ մարդուն էլ ավելի հարուստ դարձնելու համար։
Workplace Blind հավելվածի անանուն հարցումը, որին մասնակցել է 180 մարդ, ցույց է տվել, որ նրանցից 42%-ը որոշել է չմնալ Twitter-ում: Եվ միայն 7%-ն է համաձայնվել գլխավոր տնօրենի նոր պահանջներին։
Հաղորդվում է, որ Մասկը նույնիսկ ստիպված է եղել հանդիպել առանցքային աշխատակիցների հետ, որպեսզի անձամբ համոզի նրանց մնալ ընկերությունում: Նախօրեին երեկոյան աշխատակիցները հաղորդակցություններ են ստացել, որ գրասենյակը փակ է լինելու մինչեւ երկուշաբթի։
Իլոն Մասկը ստանձնել է Twitter-ի ղեկավարի պաշտոնը հոկտեմբերի վերջին՝ սոցցանցը գնելուց հետո։ Գրեթե անմիջապես գործարարը ցրել է տնօրենների խորհուրդը եւ աշխատանքից ազատել անձնակազմի մոտ 50%-ը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործարարը ցանկանում է նոր ղեկավար վարձել՝ ընկերության կառավարմանն իր մասնակցությունը նվազեցնելու համար։ Լրատվամիջոցները գրել էին, որ այս որոշումը պայմանավորված է Մասկի վրա Tesla ավտոարտադրողի ներդրողների ճնշումներով։ Նրանք մտահոգված են, որ Twitter-ը գնելուց հետո ձեռնարկատերը սկսել է չափազանց շատ ժամանակ ծախսել սոցցանցի վրա։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: