Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում առանձնացրել է աշխատանքների կազմակերպման երեք սկզբունք՝ թիմային աշխատանք, թափանցիկություն ու պրոֆեսիոնալիզմ:«Եկել եմ ոչ թե պարզապես պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու, այլ ճգնաժամային իրավիճակում ձեզ հետ միասին աշխատելու համար: Ինձ համար կարեւոր է թիմային աշխատանքը, եւ ես պատրաստ եմ բոլորիդ հետ միասին այդ սկզբունքով աշխատել։ Երկրորդը թափանցիկությունն է․ մենք ամեն ինչ պետք է անենք մեր աշխատանքի, կայացվող որոշումների եւ իրականացվող ծրագրերի թափանցիկությունն ապահովելու համար։ Մյուս կարեւոր սկզբունքը պրոֆեսիոնալիզմն է: Ես վստահ եմ, որ բոլորդ երկար մասնագիտական ճանապարհ եք անցել, բայց ներկա իրողություններում մրցունակ մասնագետներ լինելու համար մենք բոլորս պետք է շարունակ աշխատենք մեր կարողությունների զարգացման ուղղությամբ», - ասել է Ռուբեն Վարդանյան:Նա առանձնացրել է այս իրավիճակում Արցախի համար այն հինգ հիմնական ուղղությունները, որոնց իրականացմանը պետք է ուղղված լինի Արցախի Հանրապետության կառավարության գործունեությունը. - Արցախի սուբյեկտայնություն, - անվտանգության հետ կապված հարցեր, - տնտեսության, ենթակառուցվածքների զարգացում, - մշակութային, կրթական, սոցիալական հարցեր, - պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում։Պետնախարարը ներկայացրել է նաեւ իր նորանշանակ խորհրդականներին եւ նշել այս փուլում նրանց համակարգման ոլորտները. Արտակ Բեգլարյանը զբաղվելու է արտաքին քաղաքական, սոցիալական, հումանիտար խնդիրներով, Գրիգորի Մարտիրոսյանը՝ ենթակառուցվածքների ոլորտով, Նարինե Աղաբալյանը՝ կառուցվածքային եւ կազմակերպչական, Մեսրոպ Առաքելյանը՝ ֆինանսական, իսկ Արման Հակոբջանյանը՝ օպերատիվ հարցերով:«Երկու տարի առաջ այս օրը շատ ծանր էր մեր ժողովրդի համար: Հիշելով եւ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին՝ պետք է հավատանք, որ մեր վերածնունդը լինելու է։ Մեր ապագան մեր ձեռքերում է։ Այստեղ եմ, որ ձեզ հետ միասին ամեն ինչ անենք, որ Արցախն ունենա հաղթանակներ»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը: Tweet Դիտում՝ 7739