Ընթացիկ ցիկլում գնաճի համաշխարհային ցուցանիշը մոտենում է, հավանաբար, գագաթնակետին, սպառողական գների աճը դժվար կլինի իջեցնել ցանկալի մակարդակի։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան։«Ես չեի ցանկանա խոսել մինչեւ տվյալների հրապարակումը, սակայն շատ հնարավոր է, որ մենք հասել ենք գագաթնակետին: Հիմա, ինչպես տեսնում ենք, կենտրոնական բանկերը բավականին համերաշխ դիրքորոշում են ընդունում այն հարցում, որ գնաճի դեմ պայքարը պետք է լինի առաջնահերթություն, եւ դա տեղին է»,- ասել է նա։Գեորգիեւայի խոսքով՝ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի գնաճը մի քանի ամսից կամ մեկ տարուց։ ԱՄՀ տնտեսագետները կարծում են, որ գնաճը «դժվար կլինի իջեցնել 2% ցանկալի մակարդակին»,- ասել է Գեորգիեւան։ Այս առումով նա նշել է, որ գնաճը հաղթահարելու համար անհրաժեշտ է երկկողմանի շարժում կենտրոնական բանկերի եւ երկրների կողմից, որոնք կապահովեն մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիան։Հոկտեմբերի կեսին Կրիստալինա Գեորգիեւան հայտարարել էր, որ ԱՄՀ-ն համաշխարհային ռեցեսիայի հավանականությունը գնահատում է 25%: «Ռեցեսիայի հնարավորությունն աճել է։ Մեր գնահատմամբ՝ համաշխարհային տնտեսության երկու երրորդը կունենա բացասական աճ երկու կամ ավելի եռամսյակ անընդմեջ։ Մենք կարծում ենք, որ համաշխարհային ռեցեսիայի ռիսկն այժմ 25% է, ինչը նշանակում է, որ այն աննշան չէ։ Բայց մենք դեռ ունենք միջոցներ, ճանապարհ կա։ Եվ դա նման է սար բարձրանալուն. եթե մենք իրար ձեռք բռնենք, հետեւենք միմյանց, ապա իսկապես կարող ենք տեղ հասնել, կարող ենք խուսափել գլոբալ ռեցեսիայից»,- ասել էր ԱՄՀ ղեկավարը: Tweet Դիտում՝ 5742