Բրիտանական Oxford Economics խորհրդատվական ընկերության տվյալներով, որոնց ծանոթացել է RBC-ն, միայն սեպտեմբերին Հայաստան է ժամանել 60 հազար ռուսաստանցի։Նույն ժամանակահատվածում Ղազախստան է մեկնել մոտ 200 հազար, Վրաստան՝ 70 հազար ռուսաստանցի։ Ադրբեջանը չի հայտնել աշնանը ժամանածների թվի մասին, սակայն առանձին դիտարկումները վկայում են, որ ներհոսքն այստեղ նույնպես զգալի է եղել։Oxford Economics-ի զարգացող շուկաների գծով առաջատար տնտեսագետ Տատյանա Օռլովան «Ռուսաստանից ուղեղների արտահոսքն օգուտ է բերում նախկին ԽՍՀՄ-ի հարեւաններին» իր զեկույցում նշում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության եւ մասնակի զորահավաքի ֆոնին ռուսաստանցիների մեկնումը հետխորհրդային երկրներ ունի դրական ազդեցություն ընդունող երկրների տնտեսությունների վրա, թեեւ պարունակում է որոշակի ռիսկեր:Հետխորհրդային երկրների համար ռուսաստանցիների ռելոկացիայի էֆեկտն արտահայտվում է դրամական եւ մարդկային կապիտալի ներհոսքով։ Դրամական մուտքերն արդեն իսկ դրական են ազդում երկրների ընթացիկ հաշվի հաշվեկշռի վրա՝ ակտիվացնելով ապրանքների եւ ծառայությունների ներքին պահանջարկը։ Մարդկային կապիտալի ներհոսքը կարող է օգուտ բերել երկարաժամկետ հեռանկարում, եթե ընդունող երկրները բարենպաստ պայմաններ ստեղծեն Ռուսաստանից բարձր որակավորում ունեցող ներգաղթյալների աշխատանքի համար։Հաշվի առնելով այս գնահատականները եւ նկատի ունենալով Ռուսաստանից $10 000-ից ավել կանխիկ արտարժույթի դուրս հանման մարտին սահմանված արգելքը՝ սեպտեմբերին ռուսաստանիցները կարող էին մոտ $3 միլիարդ կանխիկ գումար բերել Ղազախստան, Վրաստան եւ Հայաստան, հաշվարկել է Oxford Economics-ը:«Շատ ավելի մեծ գումարներ» հավանաբար փոխանցվել են տեղական բանկային հաշիվներին, քանի որ դրա համար սահմանափակումներ չեն եղել, գրում է Օռլովան։ «Ղազախստանում այս տարի ՌԴ քաղաքացիների բանկային ավանդների գումարներն ավելի քան քառապատկվել են եւ կազմել $1,4 միլիարդ»,- նշում է նա։ Ռուսաստանի բանկը (ԿԲ) հայտնել էր, որ սեպտեմբերին բանկային հաշիվներից դուրս է բերվել մոտ 500 միլիարդ ռուբլի կամ շուրջ $8 միլիարդ:Միաժամանակ, ածխաջրածին արտահանող երկրների համար (Ադրբեջան եւ Ղազախստան) ռուսաստանյան կապիտալի ներհոսքն ընթացիկ հաշվի ցուցանիշների բարելավման լրացուցիչ աղբյուր է, իսկ ներմուծող երկրների համար (Վրաստան, Հայաստան)՝ աջակցող գործոն, նշվում է զեկույցում։Բացի այդ, թարմ կապիտալի ներհոսքը թույլ տվեց հետխորհրդային այնպիսի փոքր տնտեսություններին, ինչպիսիք են Վրաստանը, Հայաստանը եւ Մոլդովան, այս տարի ավելացնել իրենց արժութային պահուստները, ինչը մեծացնում է նրանց դիմադրողականությունը արտաքին ցնցումների նկատմամբ, կարծում է հեղինակը։ Մոլդովային հաջողվեց դրան հասնել մեծամասամբ Ուկրաինայից փախստականների, այլ ոչ թե Ռուսաստանից ժամանողների հաշվին, նշել է Օռլովան։Այնուամենայնիվ, ռուսաստանցիների վերաբնակեցումը կարող է սոցիալական լարվածություն առաջացնել ընդունող երկրներում, նշում է է Oxford Economics-ի տնտեսագետը: Հեղինակը որպես օրինակ է բերում Վրաստանը. 2008 թվականին Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունից եւ դրան հաջորդած Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատումից հետո վրացիները «զգուշավոր են մնում»՝ չնայած ռուսաստանցիների ժամանումից տնտեսական օգուտներին:Տեղի բնակիչների դժգոհության մեկ այլ պատճառ է կյանքի թանկացումը, այդ թվում՝ անշարժ գույքի պահանջարկի ավելացման ֆոնին վարձակալության գների զգալի աճը։ Հոկտեմբերի սկզբին Ուզբեկստանի արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ տանտերերը վտարում են տեղի վարձակալներին՝ հօգուտ օտարերկրացիների եւ անհիմն ուռճացնում գները։«Այն երկրների իշխանությունները, որոնք ընդունել են մեծ թվով ռուսաստանցի միգրանտների, պետք է ընտրեն ռազմավարությունների ճիշտ համակցում՝ առավելագույնս օգուտ ստանալու Ռուսաստանից նյութական եւ մարդկային կապիտալի ներհոսքից՝ միաժամանակ խուսափելով շուկայի գերտաքացումից»,- եզրափակել է Օռլովան: Tweet Դիտում՝ 6231