Կառավարությունը նախատեսում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով հավելավճար սահմանել: Կառավարության նիստին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ սպան, պայմանագրային զինծառայողը որակավորում անցնելուց հետո պետք է ստանա բարձր աշխատավարձ:«Այդ դեպքում նրա ստացած աշխատավարձն այսօրվա ստացածից նվազագույնը 2 անգամ ավելի բարձր կլինի, սակայն դրա համար պետք է պարտադիր անցնել ատեստավորում»,- ասել է Սուրեն Պապիկյանը:«Ատեստավորում անցած զինծառայողների աշխատավարձը կբարձրանա, իսկ նրանք, ովքեր չեն անցնի ատեստավորում, կշարունակեն աշխատել հին աշխատավարձով եւ կունենան հետագայում ատեստավորումն անցնելու հնարավորություն»,- իր հերթին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա նշել է, որ Հայաստանը պետք է ունենա պրոֆեսիոնալ բանակ.«Մեր պրոֆեսիոնալ բանակի զինծառայողը չպիտի ունենա բնակարանի խնդիր, սպայական կազմը, որը կավարտի ռազմաուսումնական համալսարանը, բնակարան կստանա պետությունից: Զինծառայողը չպետք է ունենա հացի խնդիր, րպետք է ունենա ընտանիքի անդամների առողջության կարիքների ապահովման խնդիր ու չպետք է ունենա երեխաների ուսումը կազմակերպելու խնդիր»:Հավելավճարի չափը սահմանվելու է կառավարության որոշմամբ, հավելավճարի իրավունք ունեցող զինվորական պաշտոնների ցանկը կսահմանվի պաշտպանության նախարարի հրամանով։ Կառավարության հաշվարկով հավելավճարի սահմանումը 2023 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն` տարեկան մինչեւ 60 մլրդ դրամ:Օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի եւ կներկայացվի Ազգային ժողով: Tweet Դիտում՝ 2601