Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, համաձայն որի մեկ տարով երկարաձգվում է տնտեսավարողներին տրամադրվող օժանդակության ժամկետը:Կառավարության նիստում որոշվել է մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 30-ը երկարաձգել տնտեսավարողներին 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռք բերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով տրամադրվող պետական օժանդակության տրամադրման ժամկետը:Այն հնարավորություն կտա ապահովել շուրջ 9.0 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանում եւ պլանավորել հետագա գործունեությունը, այդ թվում՝ խաղողի մթերումների ծավալները։ Հիմնավորման համաձայն՝ տրամադրված օժանդակության չափը 2020 թ. կազմել է 403.7, 2021 թվականին՝ 859.6, իսկ 2022 թ. հուլիսի 28-ի դրությամբ՝ 261,65 մլն դրամ։ Ընթացիկ տարում այդ նպատակով պետական բյուջեով հաստատված ֆինանսական միջոցների մնացորդը կազմում է 338,35 մլն դրամ, որը կտրամադրվի մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 30-ը։ Հաշվի առնելով, որ տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա է ավելի քան 44,4 մլն լիտր կոնյակի սպիրտի մնացորդ եւ խաղողի բերքի մթերման համար անհրաժեշտ է ապահովել կոնյակի սպիրտի պահման ազատ տարողություններ՝ կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու եւ հետագա գործունեությունը պլանավորելու նպատակով անհրաժեշտ է օժանդակության տրամադրման ժամկետը երկարաձգել: Նշվում է, որ օժանդակությունն իր զգալի ազդեցությունն է ունենում արտադրանքի ինքնարժեքի նվազեցման միջոցով իրացման շուկայում ավելի մրցունակ գներով արտադրանք ներկայացնելու, արտահանման ծավալներն ավելացնելու վրա եւ արտահանման լոգիստիկ խնդիրների բացակայության պարագայում գրեթե կրկնապատկվում են արտահանման միջին ամսական ծավալները։ Tweet Դիտում՝ 5224