Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասն իր տնտեսական ծրագրի շրջանակում նախատեսում է մինչեւ £130 միլիարդ հատկացնել գնաճի եւ էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարելու համար, հայտնում է RBC -ն՝ հղում անելով Bloomberg-ին։Գործակալության տվյալներով՝ Թրասի ծրագիրն է սահմանել տիպիկ բրիտանական ընտանիքի համար էլեկտրաէներգիայի եւ գազի գնի շեմը £1971 ($2300) կամ դրանից ցածր: Այսպիսով, ծրագրի ընդհանուր արժեքն առաջիկա 18 ամսվա ընթացքում կարող է կազմել մինչեւ £130 միլիարդ: Սեպտեմբերի սկզբին Թրասն ասել էր, որ վարչապետ ընտրվելու դեպքում իր պաշտոնավարման առաջին շաբաթվա ընթացքում կներկայացնի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի ծրագիր: Նա նշել էր, որ բրիտանական իշխանությունները պետք է «դժվար որոշումներ կայացնեն, որպեսզի մենք ամեն աշուն եւ ձմեռ չհայտնվենք այս վիճակում»։ Օգոստոսի վերջին Reuters-ը, վկայակոչելով բրիտանական Ofgem էներգետիկ կարգավորիչի հայտարարությունը, հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ից Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի գները կբարձրանան 80%-ով, իսկ տնային տնտեսությունների միջին առավելագույն հաշիվը տարվա կտրվածքով կգերազանցի £3,5 հազար (ավելի քան $4,1 հազար): Լիզ Թրասը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ էր ընտրվել սեպտեմբերի 5-ին։ Նրա օգտին քվեարկել է իշխող Պահպանողական կուսակցության անդամների 57,4%։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Ընդհանուր առմամբ, ընտրություններում իրենց թեկնածություններն էր առաջադրել 12 պահպանողական, սակայն Թրասի գլխավոր մրցակիցը ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն էր, ով ստացել էր ձայների 42,6%-ը։ Tweet Դիտում՝ 5760