Նվազագույն կենսաթոշակը կարող է բարձրանալ՝ դառնալով 31 600 դրամ

01.09.2022 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Նարեկ Մկրտչյան #նվազագույն կենսաթոշակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է կենսաթոշակները բարձրացնելու վերջին որոշմանը եւ ասել, որ կենսաթոշակառուների շրջանում դրա հետ կապված հարցեր են առաջացել։

«Նախորդ նիստերից մեկում որոշում կայացրեցինք թոշակների բարձրացման վերաբերյալ եւ մեր նպատակադրումն էր, որ այս փուլում թոշակներն ավելանան առնվազն 3 000 դրամով։ Այդ որոշումը կայացնելուց հետո տարբեր տեղերում, մարզերում այցելությունների ժամանակ մի քանի դեպք եղավ, երբ տատիկներ կամ պապիկներ ինձ մոտեցան եւ ասացին, որ մենք հայտարարել ենք կենսաթոշակներն առնվազն 3 000-ով ավելացնելու մասին, բայց իրենցն ավելանում է 1 900 դրամով կամ ավելի քիչ չափով։

Քննարկում արեցինք ու պարզեցինք, որ թոշակառուների 97,5%-ի համար թոշակը բարձրանում է առնվազն 3 000 դրամով, բայց 6 400 թոշակառուի համար այն բարձրանում է 2 500 դրամով, 5 300 հոգու համար՝ 1 900 դրամով։ Որոշեցինք այդ թոշակառուների համար լրացուցիչ որոշում կայացնել, որպեսզի բոլորի թոշակը բարձրանա առնվազն 3000 դրամով»,- ասել է նա։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ նշել է, թե որպեսզի խնդրին ավելի ինստիտուցիոնալ լուծում տրվի եւ օրենքով հաշվարկված բանաձեւով թյուրընկալումներ չլինեն, որոշել են բարձրացնել նվազագույն կենսաթոշակը։

«Եթե այս որոշումը ներկայացնենք եւ հաստատվի կառավարության նիստում, ապա կլինի այս տարվա երրորդ բարձրացումը։ Վերջին որոշման ժամանակ նվազագույն կենսաթոշակը 28 600 դրամից դարձրել ենք 30 500 դրամ, այս պարագայում կդառնա 31 600 դրամ եւ կերաշխավորվի, որ մեր բոլոր կենսաթոշակառուներն առնվազն այդ 3 000 դրամը կստանան»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ որոշումն արդեն այս ամիս շրջանառության մեջ կդրվի։
Դիտում՝ 2499
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW