ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ Հայաստանից արտահանման եւ ներմուծման նպատակով բեռների լաստանավով փոխադրման ծառայության գործարկումն օրերի հարց է:«Հիմա վերջնական աշխատանքներն ենք անում, շուտով կհրապարակվի չվացուցակը։ Մի քանի օր սպասենք, վստահ եմ, որ արդյունքը կլինի: Դա հեշտ հարց չէ, մանավանդ, որ զուգորդվում է այսպիսի ծանր աշխարհաքաղաքական փոփոխություններով եւ ճնշմամբ: Բայց, այնուամենայնիվ, մեր աշխատանքը, հուսով եմ, շատ շուտով իր արդյունքը կտա»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։Նրա խոսքով՝ այժմ դիտարկվում է միայն Փոթիի նավահանգստով լաստանավային բեռնափոխադրումներ իրականացնելու տարբերակը։Ինչ վերաբերում է Վերին Լարսի անցակետով բեռնափոխադրումների հետ կապված խոչընդոտներին, Վահան Քերոբյանը նշել է, որ արագ փչացող ապրանքների տեղափոխման հետ կապված խնդիրներ չկան:«Այդպիսի ապրանքներ փոխադրող բեռնատարներն անցնում են առանց հերթի, իսկ մյուս ապրանքների մասով խնդիր ունենք։ Մեր արած աշխատանքի արդյունքում հուլիսին, հունիսի նկատմամբ, հայկական մեքենաների բեռնափոխադրումների ընդհանուր ծավալն աճել է 10 տոկոսով, բայց դա շատ քիչ է, որ հերթերի հարցը լուծվի: Մենք շարունակում ենք աշխատանքը ռուս գործընկերների հետ, որ տարբեր ուղղություններով մեծացնենք Վերին Լարսի անցակետի թողունակությունը»,- ասել է Քերոբյանը։ Tweet Դիտում՝ 5315