«Լույս». Սննդամթերքի գնի 17.1% աճն էապես ազդում է ցածր եկամուտ ունեցողների վրա
27.07.2022 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Լույս» հիմնադրամ

Այսպես՝
• Սննդամթերքի գների 17.1% աճն էապես ազդում է ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա
Սա պայմանավորված է նրանով, որ սննդամթերքը քաղաքացիների սպառողական զամբյուղում բավական մեծ դեր ունի։ Ընդ որում, ըստ ՀՀ ԿԲ-ի հաղորդումների՝ գնաճի տեմպն առաջիկա ամիսներին դեռ կշարունակի արագանալ։
Զուգահեռաբար, թեեւ 2022թ. հունվար-մայիսին անվանական աշխատավարձի աճի տեմպը շարունակել է մնալ բարձր, սակայն գնաճի արագացման պայմաններում իրական աշխատավարձի աճը մնացել է ցածր մակարդակում`2022թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին մակարդակն աճել է 7.7%-ով, ինչի պայմաններում իրական աշխատավարձի աճը կազմել է ընդամենը 2.2% (հունվար-հունիս ամիսների տվյալները դեռ հրապարակված չեն):
• ՀՀ դրամի էական արժեւորումը բացասաբար է անդրադառնում ՀՀ արտադրանքի գնային մրցունակության վրա
ՀՀ դրամի միջին փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2022թ. հունվար-հունիսին արժեւորվել է շուրջ 11.5%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 22.6%-ով: Թեեւ այդ պայմաններում արտահանման աճը կազմել է շուրջ 36.3%, սակայն ավելի հավանական է, որ այն վերաարտահանման արդյունք է, քանի որ ներմուծումն իր հերթին աճել է 48.7%-ով: Արդյունքում փոխարժեքի արժեւորված լինելու պարագայում ոչ միայն տուժում են արտահանողները, այլեւ ներքին շուկայի համար արտադրողները, քանի որ նրանք խնդիր են ունենում մրցակցելու ներմուծված ապրանքների մասով, որոնց դեպքում փոխարժեքի արժեւորումը հանդիսանում է գնային մրցունակությունը բարձրացնող գործոն։
• Գյուղատնտեսության ոլորտը շարունակում է անկում ապրել
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության անկումը կազմել է 5.5%, ինչը 0.6 տոկոսային կետով հակազդել է ընդհանուր ՏԱՑ-ի աճին:
• Ներկա բարձր տնտեսական ակտիվության աճ ապահովող գործոնները կարող են ժամանակավոր լինել
Տնտեսական ակտիվության ցուցանիշն էականորեն արագացել է մայիս-հունիս ամիսներին՝ գերազանցելով 10% շեմը եւ դառնալով երկնիշ`11.8%: Աշխարհաքաղաքական գործոնների փոփոխություններով (ռուս-ուկրաինական հակամարտություն) պայմանավորված՝ Հայաստան ներհոսող կապիտալը եւ աշխատուժը էական դրական ազդեցություններ են ունենում ՀՀ տնտեսության վրա, սակայն այդ գործոնները եւս կարող են փոխվել: Հետեւաբար, ներկա դրական իրավիճակը պետք է օգտագործել տնտեսությունում արտադրական հնարավորությունները եւ տնտեսության ներուժը բարձրացնելու համար, որպեսզի դրական շոկի վերացումից հետո տնտեսական ճգնաժամի ռիսկեր չլինեն: Մինչդեռ ներկայում նման միտումներ չեն նկատվում, եւ կառավարության կողմից առկա ռեսուրսը տնտեսական զարգացմանն ուղղելու տեսանելի քայլեր չեն իրականացվում:
Էական աճ է նկատվում դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալներում: 2022թ. մայիսին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) կազմել է 265.9 մլն ԱՄՆ դոլար, ինչը շուրջ 3.4 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: Հատկապես կտրուկ աճել են ՌԴ-ից փոխանցվող դրամական միջոցները, ինչն անվանական փոխարժեքի արժեւորման էական գործոններից է:
Հետեւաբար, այստեղ նույնպես անհրաժեշտ է պետական քաղաքականության՝ հատկապես Կենտրոնական բանկի գործիքակազմի կիրառումը, որպեսզի աճող տրանսֆերտները բացասական ազդեցություն չունենան ֆինանսական համակարգի վրա:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտոնական կայքում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: