ԱՄՀ-ն «էապես» կվատթարացնի գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը

18.07.2022 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Ջեյլա Փազարբասիօղլու #Քրիստալինա Գեորգիեւա
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հուլիսյան կանխատեսման մեջ ստիպված կլինի «էապես» վատթարացնել համաշխարհային տնտեսության աճի իր սպասումները։

Այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՀ ռազմավարության, քաղաքականության եւ վերլուծության հարցերով դեպարտամենտի տնօրեն Ջեյլա Փազարբասիօղլուն, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը։

Նրա խոսքով՝ պարենի եւ էներգակիրների գների աճի, դեպի զարգացող շուկաներ կապիտալի ներհոսքի դանդաղման, Չինաստանում շարունակվող համավարակի եւ տնտեսական աճի տեմպերի անկման պայմաններում օրենսդիրների համար տնտեսական ռազմավարություն մշակելը «շատ ավելի դժվար» է դարձել։

«Տեղի է ունենում շոկ շոկի հետեւից, դրանք իսկապես հարվածում են համաշխարհային տնտեսությանը»,- նշել է Փազարբասիօղլուն:

Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո ԱՄՀ-ն ապրիլին արդեն իջեցրել էր տնտեսական աճի կանխատեսումը 4,4%-ից մինչեւ 3,6%։ Փազարբասիօղլուն նշել է՝ զեկույցում, որը պետք է հրապարակվի այս ամիս, հիմնադրամը եւս մեկ անգամ «էապես կնվազեցնի իր կանխատեսումը»:

Նրա ելույթը հետեւել է G20-ի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարները հուլիսի 16-ին ավարտված հանդիպմանը, որի արդյունքներով չի հրապարակվել համատեղ կոմյունիկե, ինչը միայն ընդգծում է գնաճի ավելացմանը եւ ռեցեսիայի մտավախությանը համաշխարհային արձագանքը համակարգելու դժվարությունը, նշում է Bloomberg-ը:

«Փափուկ վայրէջքի ճանապարհը նեղանում է։ Մենք կարծում ենք, որ սա դեռեւս հնարավոր ճանապարհ է, բայց, իհարկե, ոչ այնքան հեշտ»,- ասել է Միջազգային հաշվարկների բանկի հետազոտությունների բաժնի ղեկավար Հեն Սոնգ Շինը, որը ելույթ է ունեցել Փազարբասիօղլուի հետ նույն միջոցառմանը: Փորձագետի կարծիքով՝ մարտահրավերներին լավագույնս արձագանքում են կենտրոնական բանկերը, որոնք «արագ եւ վճռականորեն իրականացնում են դրամավարկային քաղաքականությունը եւ նախապես արձագանքում գնաճին»։



Ավելի վաղ ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան համաշխարհային տնտեսությունում իրավիճակը չափազանց անկայուն էր գնահատել եւ չէր բացառել ռեցեսիայի հնարավորությունը։

«Կլինի ծանր 2022 թվական, սակայն հնարավոր է՝ 2023 թվականը նույնիսկ ավելի ծանր լինի: Ռեցեսիայի ռիսկերն աճել են 2023 թվականի համար»,- ասել էր նա՝ ընդգծելով, որ տնտեսական աճի դանդաղումը կարող է լինել «անխուսափելի գին»՝ հաշվի առնելով գների կայունությունը վերականգնելու հրատապ անհրաժեշտությունը:
Դիտում՝ 6061
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW