Մասնավոր բաժնետիրական ներդրումներ կատարող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից եւ աջակցվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ու Եվրոպական միության կողմից, ներդրում է կատարել թվային ակտիվների ոլորտում աշխարհում առաջատար ընկերություններին հաճախորդների սպասարկման եւ համապատասխանության վերահսկման մասնագիտացված ծառայություններ մատուցող «ԷյՍիԷքս» (ACX) ընկերությունների խմբում: Ներդրումները կուղղվեն Հայաստանում ընկերության գործունեությունը զարգացնելու, մասնագիտացված ուսուցման, աշխատատեղերի ավելացման, միջազգային հավաստագրերի ձեռքբերման համար, ինչպես նաեւ հնարավորություն կտան ընդլայնել բիզնեսի աշխարհագրությունը դեպի Հարավային Ամերիկա եւ Ասիա: «ԷյՍիԷքս»-ը աշխարհում առաջին նմանատիպ մասնագիտացված ծառայություն մատուցողն է թվային ակտիվների ոլորտին: Հայաստանում ավելի քան 100 մասնագետներից բաղկացած ընկերությունը արագորեն դարձել է այս ոլորտում շուկայի առաջատարը՝ ունենալով հաճախորդներ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ Ասիայում:Ընկերությանը հաջողվել է հնարավորինս արդյունավետ օգտագործել Հայաստանի բացառիկ առավելությունները՝ ի դեմս բարձր որակավորում ունեցող եւ բազմալեզու մարդկային կապիտալի: «ԷյՍիԷքս»-ը նաեւ հնարավորություն է ստեղծում սփյուռքահայ տասնյակ հայերի համար հայրենադարձվել՝ աշխատելու իրենց մոտ:Համաձայն Հիմնադրամի մանդատի՝ ներդրումը նպատակ ունի արժեք ստեղծելու ոչ միայն սեփական կապիտալի տրամադրման, այլ նաեւ լավագույն բնապահպանական ու սոցիալական ստանդարտների ներդրման, կորպորատիվ կառավարման, ընդլայնման եւ աճի հնարավորությունների խթանման միջոցով: Ակնկալվում է, որ «ԷյՍիԷքս»-ում ներդրումները կնպաստեն որակյալ աշխատատեղերի ստեղծմանը, Սփյուռքի հայրենադարձությանը, նորարարական թվայնացմանը եւ համաշխարհային շուկաներին Հայաստանի ինտեգրմանը:ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է նմանատիպ գործարքների կարեւորությունը երկրի համար։ «Մասնավոր կապիտալում ներդրումները կարեւոր ազդակ են այն մասին, որ տնտեսությունը գնալով ավելի գրավիչ է դառնում բիզնեսի համար եւ ի վիճակի է ապահովելու ֆինանսավորման տարատեսակ աղբյուրներ: Նմանատիպ ներդրումները առանցքային դեր են խաղում ներդրումային միջավայրի խթանման, գիտելիքների փոխանցման եւ Հայաստանի կորպորատիվ դաշտի բարելավման գործում: Մենք հուսով ենք, որ առաջիկա ամիսներին կտեսնենք ավելի շատ բաժնեմասնակցային գործարքներ»:«ԷյՍիԷքս»-ի խոշոր բաժնետեր եւ տնօրենների խորհրդի անդամ Հենրի Արսլանյանն ասել է. «Թվային ակտիվներն արդեն իրողություն են, եւ մենք հպարտ ենք այն դերով, որ «ԷյՍիԷքս»-ը խաղում է Հայաստան 2.0-ի կառուցման գործում՝ թիրախավորելով նորագույն տեխնոլոգիաները եւ բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալը»:«Ամբեր Կապիտալ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը կարեւորել է գործարքը ինչպես հիմնադրամի, այնպես էլ Հայաստանում ոլորտի զարգացման համար։ «Ընկերության հետ մի քանի ամիս ակտիվ աշխատանքից հետո մեր ներդրումային թիմը ուրախ է միավորել ջանքերը նման առաջադեմ եւ պրոֆեսիոնալ թիմի հետ: Որպես գլոբալ ամենաարագ զարգացող ոլորտներից մեկում ծառայություններ մատուցող՝ ընկերությունը կարեւոր դեր ունի երիտասարդ տաղանդների վերապատրաստման եւ միջազգային բիզնես պրակտիկան Հայաստան բերելու գործում»:ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2020 թվականի հունվարին՝ ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի, Ամունդի Ակբա Ասսեթ Մենեմենթի, Հիրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամի եւ Ամբեր Կապիտալ Արմենիայի ներդրումային թիմի ներդրումներով: Հիմնադրամը հետագայում լրացուցիչ կապիտալ է ներգրավել ԱՆԻՖ-ից, Ց-Կվադրատ Ասսեթ Մենեջմենթից, Նիդերլանդական ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) եւ Հայաստանի կառավարությունից, ինչպես նաեւ մի շարք սփյուռքահայ ներդրողներից՝ ընդհանուր պարտավորված կապիտալը հասցնելով 60 մլն ԱՄՆ դոլարի։ Հիմնադրամի հանձնառությունն է ֆինանսավորել Հայաստանի ՓՄՁ-ների կայուն աճը՝ կապիտալ ներդրումների եւ բնապահպանական, սոցիալական եւ կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների ներդրման միջոցով: Tweet Դիտում՝ 20671