Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահության՝ հուլիսի 12-ին կայացած նիստում քննարկվել է ՀՀ տնտեսության ներկայիս վիճակը, ստեղծված մարտահրավերները, բարեփոխումների շրջանակում իրականացվող քայլերը եւ գործարարության առջեւ ծառացած խնդիրները:«Աշխարհաքաղաքական եւ տնտեսական ներկա իրողությունները նոր մարտահրավերներ ու հնարավորություններ են ստեղծել մեր տնտեսության համար, եւ այս տուրբուլենտ շրջանում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու»,- ասել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Նիստի ընթացքում նշվել է, որ մի շարք գործոններով պայմանավորված` ազգային դրամի արժեւորումը էապես խոչընդոտում է հայրենական ապրանքների արտահանմանը։ Այն զգալի հարված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար, որոնց շրջանառության գերակշիռ մասն իրականացվում է արտարժույթով։ Էապես տուժում են նաեւ արտաքին տրանսֆերտներից օգտվողները։ ՀԱԳՄ-ից հայտնում են, որ առկա կացությունը վերլուծելու, խնդիրները խորքային քննարկելու եւ համարժեք քայլեր մշակելու նպատակով որոշվել է անցկացնել կլոր սեղան՝ բաց քննարկման հրավիրելով ֆինանսաբանկային ոլորտի պատասխանատուների, փորձագետների, գործարարների։ Հայաստանյան արտադրանքի արտահանման լուրջ խոչընդոտ է բեռնափոխադրումների խնդիրը, որը պայմանավորված է ինչպես Լարսի անցակետի ծանրաբեռնվածությամբ ու առաջացած խցանումներով, այնպես էլ ծովային բեռնափոխադրումերում ստեղծված դժվարություններով։ Իրեն զգացնել է տալիս նաեւ հանրապետությունում առկա բեռնափոխադրող ավտոմեքենաների ոչ բավարար քանակությունը։ Արդյունքում դժվարացել են ինչպես գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացը, այնպես էլ արտաքին գործընկերների առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումն ու պայմանավորված ժամկետներում առաքումների ապահովումը։ Առաջարկվել է ՀԱԳՄ հարթակը եւ մասնագիտական կարողություններն օգտագործելով, քննարկումներ կազմակերպել՝ հիմնախնդրի հաղթահարման ուղիներ գտնելու համար։«Պետք է ակտիվացնել գործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով՝ թե պետական պատկան մարմինների, թե տնտեսվարող եւ հանրային շրջանակների հետ՝ տնտեսության կայունացման ու առաջմղման խոչընդոտներն ու նպաստող գործոնները բացահայտելու եւ լուծումներ մշակելու համար»,- ասել է Արսեն Ղազարյանը։ Tweet Դիտում՝ 3680