Ամերիկյան JPMorgan Chase եւ Goldman Sachs խոշոր բանկերը դադարեցրել են գործարքները ռուսաստանյան պարտքային պարտավորություններով այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանություններն արգելեցին ամերիկացի ներդրողներին ձեռք բերել այդ ակտիվները: RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները։Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ դեռ հունիսին երկու հաստատությունն էլ շահագրգիռ գնորդների հետ վարում էին գործունեություն, սակայն JPMorgan-ում որոշել են հրաժարվել այդ գործարքներից՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) արգելքից հետո։ Գործարքների դադարեցման մասին Bloomberg-ին հայտնել է նաեւ Goldman Sachs-ի ներկայացուցիչը։«Համապատասխան OFAC-ի նորացված ուղեցույցի եւ Ռուսաստանում Goldman Sachs-ի գործունեության աստիճանական դադարեցման՝ ընկերությունը ռուսաստանյան իրավաբանական անձանց նկատմամբ այլեւս չի իրականացնի շուկայի ակտիվության ձեւավորման ուղղությամբ որոշակի գործարքներ» - Goldman Sachs-ի հայտարարությունն է մեջբերում Bloomberg-ը:Գործակալությունը գրում է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության կողմից հունիսի սկզբին ընդունված ՌԴ պետական պարտքի մասով ֆինանսական գործարքների խստացումն անսպասելի էր շուկայի մասնակիցների համար, քանի որ Վաշինգտոնը նախկինում թույլատրում էր այդ ուղղությամբ գործարքներ իրականացնել։ Այժմ ԱՄՆ շուկայի մասնակիցներին արգելված է ձեռք բերել Ռուսաստանի պետպարտքի ինչպես նոր, այնպես էլ արդեն թողարկված պարտքային արժեթղթեր, նշում է Bloomberg-ը։ԱՄՆ իշխանությունները մայիսին չեն երկարաձգել լիցենզիան, որը թույլ էր տալիս ռուսաստանյան սուվերեն պարտատոմսերի սեփականատերերին դոլարով վճարումներ ստանալ այդ արժեթղթերի մարման եւ սպասարկման համար։Այնուհետեւ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ պարտատոմսերի սեփականատերերին կառաջարկվի վճարումներ ստանալ՝ «շրջանցելով արտաքին ենթակառուցվածքը»: «Այս առաջարկները դեռեւս պատրաստվում են։ Բայց մենք կպահպանենք վստահելի վարկառուի հեղինակությունը եւ կկատարենք մեր պարտավորությունները՝ նույնիսկ հաշվի առնելով արեւմտյան երկրների կողմից ներդրված սահմանափակումները»,- ընդգծել էր նախարար Անտոն Սիլուանովը։ 30.05.2022 | 16:38 Պեսկով. Ռուսաստանին դեֆոլտ հայտարարելու օբյեկտիվ պատճառներ չեն կարող լինել Մայիսի վերջին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանին դեֆոլտ հայտարարելու համար օբյեկտիվ պատճառներ չեն կարող լինել, երկիրն ունի եւ գումար, եւ այն վճարելու պատրաստակամություն:«Մեր դիրքորոշումը քաջ հայտնի է. դեֆոլտի համար օբյեկտիվ պատճառներ չեն կարող լինել։ Գումար կա, եւ պատրաստակամություն կա այն վճարելու՝ լինի ռուբլով, թե այն սխեմայի համաձայն, որն ավելի հարմար կլինի արժեթղթերի սեփականատերերին»,- ասել էր Պեսկովը: Tweet Դիտում՝ 6636