Ասիայում ֆինանսական նոր ճգնաժամ է հասունանում, կարծում է փորձագետը

11.06.2022 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջիմ Օ'Նիլ #իեն #դոլար
Դոլարի փոխարժեքի հետագա աճը ճապոնական իենի նկատմամբ կարող է ֆինանսական նոր ճգնաժամ առաջացնել ասիական տարածաշրջանում, կարծում է Goldman Sachs-ի նախկին տնտեսագետ Ջիմ Օ'Նիլը։

«Եթե իենը շարունակի արժեզրկվել, Չինաստանը դա կորակի որպես անարդար մրցակցային առավելություն, ուստի 1997 թվականի ասիական ֆինանսական ճգնաժամի հետ զուգահեռներն ակնհայտ են: Չինաստանը չի ցանկանա, որ այլ արժույթների թուլացումը վնասի իր տնտեսությանը»,- ասել է Օ'Նիլը Bloomberg-ին տված հարցազրույցում:

Finmarket-ի փոխանցմամբ՝ իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը հունիսի 9-ին ամրապնդվել էր գրեթե մինչեւ 135 իեն 1 դոլարի դիմաց՝ տարեսկզբից աճելով 16%-ով։ Նման կտրուկ աճի պատճառն ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության անհամապատասխանությունն է. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը սկսել է ակտիվորեն բարձրացնել տոկոսադրույքը եւ նվազեցնել իր հաշվեկշռում եղած ակտիվները, մինչդեռ Ճապոնիայի Բանկը շարունակում է հավատարիմ մնալ չափազանց մեղմ դրամավարկային քաղաքականությանը։

Մարտի վերջին Ճապոնիայի ֆինանսների նախկին փոխնախարար Էյսուկե Սակակիբարան՝ «Պարոն Իեն» մականունով, հնարավոր էր համարել, որ ճապոնական արժույթը կարող է իջնել մինչեւ 150 իեն 1 դոլարի դիմաց՝ հասնելով 1990 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։

Եթե դա տեղի ունենա, Պեկինը կարող է միջոցներ ձեռնարկել յուանի փոխարժեքը թուլացնելու համար, որն, իր հերթին, կարող է շղթայական ռեակցիա առաջացնել ողջ տարածաշրջանում, ասել է Օ'Նիլը, ով առավել հայտնի է որպես BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) տերմինի ստեղծող:

Հատկանշական է, որ նախօրեին Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը, Ճապոնիայի Բանկը եւ երկրի Ֆինանսական ծառայությունների գործակալությունը մտահոգություն էին հայտնել իենի արագ թուլացման կապակցությամբ, որն ԱՄՆ դոլարի նկատմամբ 20 տարվա նվազագույնի մակարդակում է։

«Մենք անհանգստացած ենք արժութային շուկայում իենի արագ արժեզրկմամբ»,- ասված է երեք գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել էր նախօրեին կայացած նիստից հետո:

«Երկրի կառավարությունը եւ Ճապոնիայի Բանկը կհամակարգեն իրենց գործողությունները եւ կհետեւեն զարգացումներին արտարժութային շուկայում, ինչպես նաեւ դրանց հետեւանքներին տնտեսության եւ գնաճի վրա՝ գիտակցելով խնդրի լուծման հրատապությունը»,- նշված է հայտարարության մեջ, որը մեջբերել է The Wall Street Journal-ը։

Կարգավորիչները մտադիր են նաեւ սերտ կապի մեջ լինել այլ երկրների հետ եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ։

Դիտում՝ 12499
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW