Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Անուշ Բեղլոյանի հարցազրույցը ## ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը եւ Banks.am պորտալին- Beeline-ը հայտարարել է Երեւանում երրորդ սերնդի բջջային կապի (3G) առեւտրային գործարկման մասին: Ինչպիսի՞ն են նախնական արդյունքները, հաճախորդների կողմից 3G ծառայության նկատմամբ ինչպիսի՞ պահանջարկ կա: - 3G ցանցը փորձնականորեն գործարկվեց այս տարվա հուլիսին, իսկ մի քանի օր առաջ մենք հայտարարեցինք ցանցը առեւտրային շահագործման հանձնելու մասին: Նույնիսկ փորձնական ռեժիմով գրանցվել է բավականին մեծ հետաքրքրություն նոր հնարավորությունների նկատմամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանցի ծածկույթը դեռեւս սահմանափակվում է Երեւանով, եւ դրանից օգտվելու համար անհրաժեշտ է որոշակի տեխնիկական չափանիշներով օժտված բջջային հեռախոսների առկայություն (3G, UMTS կամ WCDMA ):Նորարարությունների տարածման տեսության վրա հենվելով` կարելի է ասել, որ ցանցի փորձնական գործարկման ժամանակ մեզ հաջողվեց հետաքրքրություն հարուցել թիրախային շուկայի այն հատվածի մոտ, որոնց ընդունված է անվանել “նորարարներ”: Սպառողների այդ խումբը լավ կրթված մարդիկ են, ովքեր ունեն տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներ եւ Հայաստանում սոցիալական առաջնորդներ են հանդիսանում: Այնպես որ այդ առումով ցանցի փորձարկումը կարելի է հաջողված համարել: - 3G ծառայութուններից մշտապես օգտվող հաճախորդների թվի վերաբերյալ կա՞ն արդյոք վիճակագրական տվյալներ: - Կցանկանայի մի քանի խոսքով նկարագրել, թե ինչպիսիք են 3G-ի օգտագործման միտումներն աշխարհում: Երրորդ սերնդի բջջային կապի (3G) պատմությունը սկսվել է մոտ 20 տարի առաջ` 1990 թվականից, երբ Էլեկտրակապի միջազգային միությունը (ITU) սկսեց մշակել IMT 2000 ստանդարտը:Առաջին անգամ 3G առեւտրային ցանցը գործարկվել է Ճապոնիայում 2001 թվականին: Եվրոպայում 3G ցանցերը սկսել են գործարկել միայն 2003 թվականից: Երբ 2004 թ. սկզբում Harris Interactive վերլուծական ընկերությունը հարցում կատարեց եվրոպական մի շարք երկրների բջջային կապի սպառողների շրջանում, պարզվեց, որ հաճախորդների 49%-ն առհասարակ հետաքրքրված չէ 3G ցանցերով, իսկ 55%-ը վստահ է, որ 3G ծառայությունները չափազանց թանկ են լինելու: Այդուամենայնիվ, Ճապոնիայի շուկայում, որտեղ ցանցը գործարկվել է առաջին անգամ, դիտվում է արմատապես այլ իրավիճակ: Ճապոնիայի խոշորագույն օպերատոր NTT DoCoMo-ն 3G ծառայություններից օգտվող բաժանորդների թվով համարվում է համաշխարհային առաջատար (2007 թվականի մարտի դրությամբ օպերատորի 55 միլիոն բաժանորդներից 30 մլն-ը օգտվում էր այդ կապից): Իհարկե, Հայաստանում ծառայությունը բացարձակ նոր է, եւ դեռեւս բաժանորդների շրջանում դրա մասսայականությունը հիշեցնում է 3G-ի գործարկման առաջին տարիների եվրոպական միտումները, սակայն արժե հաշվի առնել, որ հայ սպառողի համար բնութագրական է հետաքրքրությունը տեխնիկական եւ տեխնոլոգիական նորույթների նկատմամբ, քանզի ծառայության բաժանորդների թիվն արդեն կայուն աճի միտումներ է դրսեւորում, որոնք, անկասկած, կամրապնդվեն հայաստանյան շուկա նոր սերնդի ստանդարտներին համապատասխանող հեռախոսների ներթափանցմանը զուգահեռ: - Ե՞րբ է Beeline-ը նախատեսում ընդլայնել 3G-ի ծածկույթը: - Մոտ ապագայում նախատեսվում է ցանցի ընդլայնում, որպեսզի դրա ծածկույթը տարածվի ողջ Երեւանով: Ցավոք, Հայաստանի մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ տեխնիկական հագեցվածության տարբերությունը բավականին էական է, այդ իսկ պատճառով “ԱրմենՏել”-ն առաջիկայում ձգտելու է կրճատել այդ ճեղքվածքը իր մյուս ծրագրերի միջոցով: Սակայն անհրաժեշտ է գիտակցել. տեխնոլոգիաները զարգանում են կայծակնային արագությամբ, եւ ցանցային սարքավորումներ արտադրողներն իրենց հետագա մշակումներում արդեն կենտրոնանում են 3G-ի վրա: Նշանակում է, 3G-ի պահանջարկը աճելու է, եւ մարզերում ցանցին միանալը կարող է ոչ այնքան հեռավոր ապագայի գործ դառնալ: - Առաջիկայում ինչպիսի՞ լրացուցիչ ծառայություններ (արագ ինտերնետից եւ տեսազանգերից բացի) կարող են հասանելի լինել Beeline-ի բաժանորդներին: - Շարժական ինտերնետից բացի 3G-ն թույլ է տալիս բեռնաթափել GSM ցանցերն այնտեղ, որտեղ դրանք այժմ գործում են առավելագույն տարողունակության սահմաններում (3G հեռախոսների բավականաչափ թափանցելիության պայմաններում): Շարժական արագ ինտերնետի հնարավորությունն ապագայում մեծ հեռանկարներ է բացում: Մասնավորապես, Ռուսաստանում “ՎիմպելԿոմն” արդեն մատուցում է “շարժական գրասենյակ” ծառայությունը: “Շարժական գրասենյակը” նոութբուքի օգնությամբ կորպորատիվ ռեսուրսներին եւ ինտերնետ-հասանելիության համալիր լուծում է: Այդ հասանելիությունն ապահովվում է աշխարհի յուրաքանչյուր կետում, ուր գործում է 3G-ն: Մենք ենթադրում ենք, որ այդ ծառայությունը կարող է օգտակար եւ հետաքրքիր լինել հայաստանցի սպառողին: Հարկ է նշել նաեւ, որ 3G-ի հնարավորությունները կատարելապես նոր տեխնոլոգիական հորիզոններ են բացում: Այսպես, 3G-ի օգտագործման վերջին միտումներից մեկն ողջ աշխարհում հանդիսանում է շարժական հեռուստատեսությունը: Վերջինս պահանջում է չափազանց առաջադեմ տեխնոլոգիաներ ինչպես կապի, այնպես էլ հեռուստատեսության ոլորտում, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի կառավորությունն արդեն հայտարարել է հեռուստատեսության թվայնացման մեկնարկի մասին, մեդիայի կոնվերգենցիան կարող է տեղի ունենալ բավականին արագ: Tweet Դիտում՝ 5302