Մթերողների եւ գյուղմթերք աճեցնողների հարաբերությունները կդառնան երկարաժամկետ

09.06.2022 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #վարկ #մթերում
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ անցած տարի կառավարության ներդրած գործիքը, որով պետությունը մասնակիորեն երաշխավորում էր մթերման համար տրվող վարկերը, բավական լավ է աշխատել։

Կառավարության նիստում նախարարը նշել է, որ նոր գործիքը մթերող կազմակերպություններին թույլ է տալիս մթերել այնքան, ինչքան իրենց պետք է, ոչ թե այնքան, ինչքան իրենք գրավ ունեն։

«Անցած տարի 9 կազմակերպության տրամադրվել է 5,4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք։ Պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններից հունիսի 7-ի դրությամբ ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարում պտուղ-բանջարեղեն մթերումների կանխատեսվող ծավալները կազմում են 149,3000 տոննա՝ անցած տարվա 80 հազար տոննայի համեմատ։ Այդ թվում՝ մոտ 100 հազար տոննա բանջարեղեն եւ մոտ 50 հազար տոննա պտուղ»,- ասել է նա։



Վահան Քերոբյանը նաեւ նշել է, որ այս տարի ներդրվել է մթերման պայմանագրերի նախօրոք կնքման մեխանիզմը։

«Մայիսի 31-ին ավարտվել է պտուղ-բանջարեղենի համար պայմանագրերի կնքման վերջնաժամկետը։ Մեր ակնկալած արդյունքն այս պահի դրությամբ կա․ 1354 գյուղացիական տնտեսության հետ կնքվել է 1500 բերքի կնքման պայմանագիր, որի համաձայն՝ պետք է մթերվի 81,6000 տոննա պտուղ-բանջարեղեն՝ 12 մլրդ դրամ ընդհանուր գումարով։ Սա կապահովի ընդհանուր ծավալի կեսը եւ պտուղ-բանջարեղեն մթերող կազմակերպությունները մոտ կեսի չափով էլ թիրախավորել էին կնքել, որպեսզի պետության պահանջած չափաբաժինն ապահովեն։

Այս գործիքը ժամանակի հետ կուժեղացնենք եւ այնպես կանենք, որ մթերողների եւ գյուղմթերք աճեցնողների միջեւ հարաբերությունները դառնան ավելի երկարաժամկետ, վստահելի, որ երկու կողմն էլ ունենա ավելի լավ կանխատեսելու եւ պլանավորելու հորիզոն»,- ասել է էկոնոմիկայի նախարարը։

Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ հուլիսի 1-ը խաղողի մթերման պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է, եւ եթե գյուղմթերք աճեցնողները պայմանագիր կնքելու հետ կապված դժվարություն ունենան, ապա Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է աջակցել, որ մինչեւ վերջնաժամկետը պայմանագրերը կնքվեն։
Դիտում՝ 2965
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai