SpaceX-ի տիեզերանավով ՀՀ 1-ին արբանյակը դուրս է բերվել Երկիր մոլորակի ուղեծիր

26.05.2022 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#SpaceX #Հայաստան #արբանյակ
Մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22:35-ին, ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը:

Այս մասին կառավարության նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։ Առաջիկայում, ավելի կոնկրետ՝ 2022 թվականին, մինչև 2023 թվականի վերջը, Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ: Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար»,- նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։

«ԱԽ գրասենյակի և ԲՏԱ նախարարության կողմից մշակվել և 2020 թ. մարտի 6-ին ԱԺ կողմից ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որը կառավարության համապատասխան որոշումների փաթեթի հետ սահմանում է տիեզերական գործունեության կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, ինչպես նաև անվտանգության ստանդարտները, լիցենզավորման, թողարկման, կառավարման կարգերը։ Օրենսդրական այդ փաթեթով նաև հարկային արտոնություն է տրամադրվել ոլորտում աշխատող լիցենզավորված ընկերություններին»,- ասել է ՀՀ վարչապետը:



Վերջերս տեղեկացրել էինք, որ միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX տիեզերական ընկերությունը գնահատվել է ավելի քան $125 միլիարդ երկրորդային շուկայի գործարքների հաշվին եւ դարձել ամենաթանկ ստարտափն ԱՄՆ-ում եւ երկրորդը աշխարհում՝ չինական Bytedance-ից (TikTok-ի գլխամասային կառույց) հետո՝ $140 միլիարդ արժողությամբ:

Այսպիսով, SpaceX-ն առաջ է անցել ամերիկյան ֆինտեխ հսկա Stripe-ից. առաջինի գնահատումը $10 միլիարդով ավել է, քան երկրորդինը: SpaceX-ի եւ Stripe-ի վերջին գնահատումը հիմնված է երկրորդային շուկայում կատարված գործարքների տվյալների վրա:

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, ով մոլորակի ամենահարուստ մարդն է՝ ավելի քան $226 միլիարդ կարողությամբ, տնօրինում է SpaceX-ի 44% բաժնետոմսերը:

Դիտում՝ 3250
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW