Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ասել է, որ Իրանը հայկական բեռնատարների համար մաքսատուրքերի փոփոխություն չի իրականացրել։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նախարարն ասել է, որ Հայաստանը եւ Իրանն ունեն սահմանած տուրքեր՝ իրանական բեռնատարների համար դեպի Հայաստան եւ հակառակը։ «Իրանական կողմը կիրառում է մոտ $240 տուրք: Այժմ նրանք առաջարկում են այդ գումարը դարձնել $120, բայց պայմանով, որ չեզոք գոտում բեռնատարներից իրար բեռներ փոխանցելը դադարեցվի, հայկական բեռնատարներն անցնեն իրանական տարածք, գնան գործարաններ կամ պահեստավորման կետեր։ Այս ընթացքում Էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերները քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ տուրքերը զրոյացնելու, իրար նկատմամբ նման ֆինանսական միջոցներ չկիրառելու, ավելի ազատականացնելու, բեռնաշրջանառությունը խթանելու եւ այլ առաջարկներ»,- ասել է նախարարը։ Գնել Սանոսյանը նաեւ նշել է, որ հայկական կողմը խնդրել է իրանական գործընկերներին գործող կարգավորումներում առայժմ փոփոխություններ չկատարել։«Իրանական գործընկերներին խնդրել ենք մոտավորապես մեկ ամիս ոչինչ չփոխել, մինչեւ վերջնականացնենք, տեսնենք, թե որ ուղղությամբ ենք գնում։ Նորությունների դեպքում կհայտնենք, որպեսզի մեր գործարարները կամ վարորդները տեղյակ լինեն»,- ասել է նա։ Tweet Դիտում՝ 6577