«ՎՏԲ-ին «Открытие» բանկի միացնելու գործարքը կավարտվի այս տարի»

18.05.2022 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալեքսեյ Մոիսեեւ #ՎՏԲ #«Открытие» բանկ
ՎՏԲ-ին «Открытие» բանկի միացնելու գործարքը կավարտվի այս տարի, հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը։

Ինչ վերաբերում է «Ռուսաստանյան ազգային առեւտրային բանկ»-ին (РНКБ), ապա, ինչպես նշել է Մոիսեեւը, կպահանջվի միայն հրամանագիր, իսկ «Открытие» բանկը ՎՏԲ-ին միացնելու մասով կպահանջի փոխգործակցության մեխանիզմ ՌԴ Կենտրոնական բանկի հետ:

«Ամեն դեպքում, գտնում եմ, որ գործարքը կփակվի այս տարի»,- ասել է Մոիսեեւը։ Ներկայումս, ըստ նրա, կողմերը քննարկում են տեխնիկական կորպորատիվ հարցեր։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ մեկնաբանելով գործարքի շրջանակում Ղրիմի РНКБ-ի ընդգրկումը, որը ՎՏԲ-ի համար ապագայում կփակի օտարերկրյա կապիտալի շուկաներ վերադառնալու ցանկացած հնարավորություն, Մոիսեեւն ասել է. «Դուք տեղյակ եք՝ մեզ մոտ չեն ողջունվում գործողությունները՝ ուղղված Ռուսաստանի ներսում պատժամիջոցների կիրառմանը: Մենք առաջնորդվում ենք մեր տնտեսության եւ մեր ֆինանսական համակարգի նպատակահարմարությամբ։ Ինչ են այս մասին մտածում այլ երկրներ, մեզ, ընդհանուր առմամբ, միեւնույն է»:

Ռուսաստանի Կենտրոնական բանկն արդեն սատարել է բանկերի համախմբման առաջարկը։ «Գիտեք, մենք պատրաստում էինք «Открытие» բանկը շուկայում վաճառելու համար, աշխատում էինք պոտենցիալ ներդրողների հետ, ի դեպ, այդպիսիք կային։ Բայց հիմա՝ մոտ ապագայում, մենք հնարավորություն չենք տեսնում շուկայում վաճառելու «Открытие» բանկը։ Միաժամանակ, հասկանում ենք, որ մենք, որպես բանկային կարգավորիչ, չենք կարող երկար ժամանակ լինել բանկի սեփականատերը, եւ այս պայմաններում, մեր կարծիքով, անհրաժեշտ է ողջամիտ որոշում»,- ապրիլին ասել էր Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։
 


Ապրիլի 29-ին «Կոմերսանտ»-ը հաղորդել էր, որ ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը դիմել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ առաջարկելով բանկի հետ մեկ ընդհանուր խմբում միավորել պետության կողմից վերահսկվող երկու վարկային հաստատություն՝ «Открытие» բանկը եւ РНКБ-ն:

Ավելի ուշ պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրը տեղեկացրել էր, որ սկզբունքային մտադրություն կա ինտեգրումն ավարտել 2023 թվականի առաջին կիսամյակում։ Փորձագետների կարծիքով՝ մեկ տարվա ընթացքում երեք խոշոր պետական բանկերի միավորման նպատակը բարդ է, բայց իրագործելի։ Այսպես, «Դմիտրի Դոնսկոյ» ֆինանսական խմբի գործընկեր Դմիտրի Կուրբատսկին նշել էր, որ ՎՏԲ-ն ունի փորձ, ուստի գործընթացները պետք է ավելի հեշտ ընթանան։

«Այս դեպքում, հավանաբար, ամենադժվարը «ճանապարհային քարտեզի» սահմանումն ու համաձայնեցումն է՝ հաշվի առնելով, որ բոլոր երեք պետական բանկերը բավականին խիստ կարգավորվում են՝ յուրաքանչյուրն յուրովի: Կպահանջվի բազմաթիվ համաձայնություններ բոլոր մակարդակներում, ինչը կարող է տեւել մինչեւ կես տարի: Կարեւոր խնդիր է ՏՏ ինտեգրումը, որը երկար ժամանակ կպահանջի։ Բայց եթե մասնագետների բավարար անձնակազմ հատկացվի եւ քարտ բլանշ տրվի որպես «թիվ մեկ» խնդիր, ապա հնարավոր եմ համարում կես տարվա ընթացքում համաձայնեցնել բոլոր ընթացակարգերը եւ կես տարի էլ հատկացնել ՏՏ ինտեգրմանն ու հաճախորդների տեղափոխմանը։ Այսինքն, ընդհանուր առմամբ՝ մեկ տարի, ինչը չափազանց հավակնոտ է, բայց իրատեսական»,- ասել էր փորձագետը:
Դիտում՝ 5136
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW