Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպական երկրների էներգետիկ քաղաքականությունը համարում է «տնտեսական ինքնասպանություն»։«Ակնհայտ է, որ Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսները դեպի աշխարհի այլ տարածաշրջաններ ուղղելու հետ միասին Եվրոպան կզրկվի նաեւ տնտեսական ակտիվությունը բարձրացնելու հնարավորությունից։ Նման տնտեսական աուտոդաֆեն, ինքնասպանությունը, իհարկե, եվրոպական երկրների ներքին գործն է։ Մենք պետք է գործենք պրագմատիկ՝ ելնելով, առաջին հերթին, մեր սեփական տնտեսական շահերից»,- ասել է Պուտինը՝ նախօրեին ելույթ ունենալով նավթային ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցությանը։Նրա խոսքով՝ էներգակիրների գների աճը կխաթարի ԵՄ արդյունաբերության մրցունակությունը։ «Ռուսաստանյան էներգառեսուրսներից հրաժարվելը նշանակում է, որ Եվրոպան համակարգված, երկարաժամկետ հեռանկարում դառնում է էներգառեսուրսների ամենաբարձր արժեք ունեցող տարածաշրջանն աշխարհում։ Սա ամենալուրջ կերպով, իսկ որոշ փորձագետների կարծիքով՝ անդառնալիորեն, կարող է խաթարել եվրոպական արդյունաբերության զգալի մասի մրցունակությունը, որն առանց այդ էլ մրցակցության հարցում գնալով ավելի ուժեղ է պարտվում աշխարհի այլ տարածաշրջանների ընկերություններին»,- Ռուսաստանի նախագահի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։ Այս բոլոր գործընթացներն այսուհետ միայն կարագանան, վստահ է նա։Պուտինը նաեւ հայտարարել է, որ Եվրոպան խնդիր է դնում հրաժարվել ՌԴ էներգակիրներից՝ անտեսելով իր տնտեսությանը հասցված վնասը։ «Եվրոպացիները բացահայտորեն խոստովանում են, որ դեռ չեն կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսաստանյան էներգետիկ ռեսուրսներից, առավել եւս ակնհայտ է, որ ԵՄ որոշ երկրներ, որոնց էներգետիկ հաշվեկշռում ռուսաստանյան ածխաջրածինների մասնաբաժինը հատկապես բարձր է, դեռ երկար ժամանակ չեն կարողանա դա անել, հնարավորություն չեն ունենա հրաժարվել մեր նավթից»,- ասել է նա։«Սակայն նման խնդիր նրանք դնում են, մենք դա տեսնում ենք։ Նրանք դա անում են՝ ուշադրություն չդարձնելով սեփական տնտեսությանն իրենց կողմից հասցրած վնասին»,- ընդգծել է Պուտինը։ Tweet Դիտում՝ 4288