Իտալական UniCredit-ը եւ ամերիկյան Citigroup-ը բանակցում են Ռուսաստանում իրենց բիզնեսների վաճառքի շուրջ։ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով ընկերությունների ծրագրերին ծանոթ աղբյուրները։Նրանց խոսքով՝ UniCredit-ը մի քանի առաջարկ է ստացել ռուսաստանյան ֆինանսական հաստատություններից այն բանից հետո, երբ ընկերության ղեկավար Անդրեա Օրչելն ասել էր, որ բանկը դիտարկում է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու հնարավորությունը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության պատճառով:UniCredit-ի բիզնեսի գնման հավակնորդներից մեկը, ըստ FT-ի, միլիարդատեր Վլադիմիր Պոտանինի Interros-ն էր, ով ավելի վաղ համաձայնվել էր գնել Tinkoff խմբի 35%-ը վերջինիս հիմնադիր Օլեգ Տինկովից, ինչպես նաեւ մասնաբաժինը «Ռոսբանկ»-ում ու դրա ապահովագրական բիզնեսում ֆրանսիական Societe Generale-ից։ Իտալական բանկը, սակայն, հրաժարվել է գործարքից ոչ շահավետ պայմանների պատճառով, թերթին հայտնել են աղբյուրները։ «Ինչո՞ւ պետք է մեր բիզնեսը տանք ընդամենը մեկ ռուբլու դիմաց»,- նշել է նրանցից մեկը։UniCredit-ը շարունակում է քննարկել բիզնեսի վաճառքը մի քանի ֆինանսական հաստատությունների հետ, որոնք չեն ենթարկվել արեւմտյան պատժամիջոցներին, այդ թվում՝ կազմակերպությունների, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց գործունեությունը Ռուսաստանի բանկային հատվածում, գրում է FT-ն։UniCredit-ը եւ Citigroup-ը դիտարկում են նաեւ Ռուսաստանում իրենց ակտիվները ռուսաստանյան բանկերի արտասահմանյան բիզնեսների հետ փոխանակելու հնարավորությունը, հայտնել են պարբերականի զրուցակիցները։ Նրանցից մեկի տվյալներով՝ UniCredit-ն արդեն փոխանակում է ռուսաստանյան վարկային պորտֆելները արտասահմանյաններով, ինչը բանկին թույլ է տվել նվազեցնել իր զուտ անդրսահմանային ռիսկը Ռուսաստանում մարտի սկզբի €4,5 միլիարդից մինչեւ €3,2 միլիարդ՝ ապրիլի վերջին։ Միաժամանակ, Citi-ն հույս ունի ոչ թե փոխանակել, այլ վաճառել իր ռուսաստանյան ակտիվներն այնպիսի ընկերության, որը չի ենթարկվել պատժամիջոցների, եւ արդեն «բազմաթիվ բանակցություններ է վարում» ՌԴ մի քանի միջին չափի բանկերի հետ, ասել է FT-ի իրազեկ աղբյուրը։ Խմբի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից: Մայիսի սկզբին Citigroup-ի ղեկավար Ջեյն Ֆրեյզերը հայտարարել էր, որ բանկը «ակտիվ երկխոսություն է» վարում Ռուսաստանում սպառողական եւ առեւտրային բիզնեսները վաճառելու համար:Արտասահմանյան բանկերը եւս քննարկում են կարգավորիչների հետ պատժամիջոցների տակ գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ռուսաստանյան ստորաբաժանումները վաճառելու համար հատուկ արտոնություններ ստանալու հնարավորությունը, հայտնում է FT-ն: «Եթե դուք չեք կարող ինչ-որ բան վաճառել պատժամիջոցների տակ գտնվող անձին, ի՞նչ է մնում անել: Դուք գնում եք խոսելու այդ պատժամիջոցները սահմանողի հետ»,- թերթի հետ զրույցում ասել է բանկիրներից մեկը։ Նրա խոսքով՝ կարգավորիչները թույլ են տվել ընկերություններին գործարքներ կնքել «որոշակի տեսակի» գործընկերների հետ, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ։ Tweet Դիտում՝ 3796