Չինաստանում 50 մլն օտարերկրյա բրենդների գործող համակարգիչ կփոխարինվի տեղականով

06.05.2022 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#HP #Dell Technologies #Lenovo Group
Չինաստանի իշխանությունները հրահանգել են կենտրոնական կառավարական գերատեսչություններին եւ պետական մասնակցությամբ կորպորացիաներին երկու տարվա ընթացքում փոխարինել արտասահմանյան ապրանքանիշի համակարգիչները տեղականով, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg-ի աղբյուրները։

Մասնավորապես, պետական հիմնարկների աշխատակիցներին առաջարկվել է հանձնել արտասահմանյան արտադրության համակարգիչները՝ չինական օպերացիոն համակարգով աշխատող սարքերի դիմաց։ Ընդհանուր առմամբ, խոսքը առնվազն 50 միլիոն սարքի մասին է, նշել են գործակալության զրուցակիցները։ Հետագայում իշխանությունները մտադիր են այդ պահանջը տարածել նաեւ տարածաշրջանային պետական կառույցների վրա։

Ըստ Bloomberg-ի՝ որոշումը նպաստում է ներմուծվող տեխնոլոգիաները փոխարինելու Չինաստանի տասնամյա արշավին՝ փորձելու նվազեցնել երկրի կախվածությունը «ԱՄՆ-ի նման աշխարհաքաղաքական մրցակիցներից»: Սպասվում է, որ նոր պահանջն ուղղակիորեն կանդրադառնա HP-ի եւ Dell Technologies-ի՝ Lenovo Group-ից հետո երկրում ամենախոշոր համակարգիչների ապրանքանիշերի վաճառքի վրա, նշում են հոդվածի հեղինակները։ HP-ն եւ Dell Technologies-ը ամերիկյան կորպորացիաներ են, իսկ Lenovo Group-ը՝ չինական:

Ներմուծվող տեխնոլոգիաները փոխարինելու Չինաստանի ձգտումն ակտիվացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Huawei-ի դեմ, գրում է Bloomberg-ը։ 2019 թվականին չինական ընկերությանը կասկածել էին արդյունաբերական լրտեսության մեջ, ինչի արդյունքում ամերիկյան ընկերություններին արգելվեց համագործակցել դրա հետ։ Անցած տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւս արգելեց Huawei-ին լիցենզիաներ տրամադրել՝ երկրում դրա ցանցային սարքավորումներն օգտագործելու համար։



Նախօրեին հայտնել էինք, որ Չինաստանը որոշել է սթրես-թեստ անցկացնել՝ ստուգելու համար, թե որքանով է երկիրը պատրաստ այնպիսի պատժամիջոցներին, որոնք Արեւմուտքը կիրառել է Ռուսաստանի դեմ։

Չինաստանի տնտեսության կայունության ստուգումը սկսվել է փետրվարի վերջին-մարտին, երբ արեւմտյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։ Այն ներառում է երկրի մի քանի առանցքային գերատեսչություններ՝ բանկային կարգավորումից մինչեւ միջազգային առեւտուր:

Բացի այդ, Չինաստանի իշխանությունները տասնյակ չինական եւ միջազգային բանկերի ղեկավարների հետ ապրիլի 22-ին քննարկել էին երկրի ակտիվներն ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանելու հնարավորությունները։

Financial Times նշել էր, որ Չինաստանի իշխանություններն անհանգստացած են, որ տարածաշրջանում ռազմական հակամարտության կամ այլ լայնածավալ ճգնաժամի դեպքում Արեւմուտքը կարող է սառեցնել Չինաստանի արտասահմանյան ակտիվները։ Ըստ թերթի զրուցակիցների՝ հանդիպման ժամանակ Չինաստանի ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ երկրի ղեկավարությունը մտահոգված է ՌԴ Կենտրոնական բանկի արժութային պահուստների եւ ռուսաստանյան ընկերությունների ակտիվների սառեցմամբ։
Դիտում՝ 9711
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW