Չինաստանի իշխանությունները տասնյակ չինական եւ միջազգային բանկերի ղեկավարների հետ քննարկել են երկրի ակտիվներն ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանելու հնարավորությունները։ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները, որոնք ներկա են եղել ապրիլի 22-ին կայացած հանդիպմանը։Ինչպես նշում է պարբերականը, Չինաստանի իշխանություններն անհանգստացած են, որ տարածաշրջանում ռազմական հակամարտության կամ այլ լայնածավալ ճգնաժամի դեպքում Արեւմուտքը կարող է սառեցնել Չինաստանի արտասահմանյան ակտիվները։ Ըստ թերթի զրուցակիցների՝ հանդիպման ժամանակ Չինաստանի ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ երկրի ղեկավարությունը մտահոգված է ՌԴ Կենտրոնական բանկի արժութային պահուստների եւ ռուսաստանյան ընկերությունների ակտիվների սառեցմամբ։ Չինաստանի արժութային պահուստները գերազանցում են $3,2 տրիլիոնը, որից $1 տրիլիոնը ներդրված է ԱՄՆ գանձապետական պարտատոմսերում։Թերթը նշում է, որ հանդիպման մասնակիցներն առաջարկել են արժութային վերահսկողության տարբեր միջոցներ, ներառյալ՝ արտահանողների կողմից արտարժութային բոլոր եկամուտների վաճառքը եւ դոլարի վաճառքի հետագա սահմանափակումները բնակչության համար (ներկայումս Չինաստանում ֆիզիկական անձանց թույլատրվում է գնել ոչ ավել, քան տարեկան $50 հազար)։ Չինաստանի ակտիվները եվրոյի եւ ճապոնական իենի օգտին դիվերսիֆիկացնելու հնարավորությունը չինական բանկերի ներկայացուցիչները գնահատել են գործնականորեն անօգուտ։«Ոչ ոք չի կարողացել այս խնդրին հաջող լուծում առաջարկել։ Չինաստանի բանկային համակարգը պատրաստ չէ իր դոլարային ակտիվների սառեցմանը կամ SWIFT-ից անջատմանը, ինչպես վարվեց ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ»,- ասել է աղբյուրը։Միաժամանակ, հանդիպման մասնակիցներից մի քանիսը կասկածներ են հայտնել, որ Վաշինգտոնը կարող է իրեն թույլ տալ խզել տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ։ Oriental Capital Research վերլուծական ընկերության հիմնադիր Էնդի Քոլիեի կարծիքով, դա կդառնար միջուկային պատերազմի տնտեսական նմանօրինակը՝ «փոխադարձ երաշխավորված ոչնչացմամբ»։ Tweet Դիտում՝ 8359