«Ռուսաստանը հատել է կարմիր գծերը, նրա հետ «business as usual» ձեւաչափն այլեւս անհնար է»
28.04.2022 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ wintershalldea.com

«Նույնիսկ երկարատեւ գործընկերային հարաբերություններն ունեն կարմիր գիծ։ Այս ռազմական ագրեսիայով Ռուսաստանը հատել է այդ գիծը»,- ասել է Մեhրենը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում ՌԴ գործողությունները շրջադարձային են դարձել համաշխարհային ու եվրոպական աշխարհաքաղաքականության, ինչպես նաեւ Wintershall-ի քաղաքականության համար։
«Գերմանիայի եւ Ռուսաստանի համար այս պատերազմը նշանավորում է դարաշրջանի ավարտ: Երկարատեւ եւ ինտենսիվ տնտեսական համագործակցության դարաշրջանի»,- Մեhրենի խոսքերն է մեջբերում RBC-ն։
Նրա խոսքով` Wintershall-ը հավատում էր այս համագործակցությանը, թեեւ ընկերությանը քննադատում էին։ Սակայն, նրա կարծիքով, Ռուսաստանի հետ այլեւս հնարավոր չէ շարունակել աշխատանքը «business as usual» ձեւաչափով ։
Մեhրենն ասել է, որ չի սպասում Ռուսաստանում ակտիվների էքսպրոպրիացիայի եւ ակնկալում է, որ Մոսկվան կշարունակի հավատարիմ մնալ պայմանագրային պարտավորություններին: RBC-ի հարցին՝ չունի՞ արդյոք նա մտավախություն, որ «Գազպրոմ»-ը կստիպի ընկերությանը վաճառել Ռուսաստանում համատեղ ձեռնարկությունների մասնաբաժինները, Մեhրենը հույս է հայտնել, որ Մոսկվան հավատարիմ կմնա Գերմանիայի հետ կնքած ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրին։
Նա պարզաբանել է, որ ռուսաստանյան գազը կարող է փոխարինվել, բայց դա արագ տեղի չի ունենա, ինչպես բազմիցս ասել է Գերմանիայի կառավարությունը։ Wintershall-ը պատասխանատու է Եվրոպայում էներգետիկ ոլորտի եւ իր աշխատակիցների համար, ուստի ղեկավարությունը որոշել է շարունակել մասնակցել Ռուսաստանում գործող նախագծերին:
Ընկերությունն իր գործունեությունը կկենտրոնացնի Ռուսաստանից դուրս սեփական պորտֆոլիոյի ամրապնդման եւ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման վրա։
Փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո, Մեhրենը հայտարարել էր, որ Ռուսաստանը խաթարում է Եվրոպայի հետ տասնամյակներ շարունակ ստեղծված տնտեսական համագործակցությունը։
Wintershall Dea-ն Եվրոպայի խոշորագույն նավթագազային ընկերությունն է, որը պատկանում է BASF նավթաքիմիական կոնցեռնին (67%) եւ LetterOne-ին։ Ընկերությունը գազի եւ նավթի արդյունահանում է իրականացնում մի շարք երկրներում, ինչպես նաեւ Ռուսաստանում՝ «Գազպրոմ»-ի հետ համատեղ:
Բացի այդ, ընկերությանն է պատկանում գազի փոխադրման բիզնեսը, ներառյալ՝ Nord Stream AG-ի 15,5%-ը («Հյուսիսային հոսք» գազատարի օպերատոր): Wintershall Dea-ն եղել է նաեւ «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության ներդրողներից մեկը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: