Հունգարիան ՌԴ գազի դիմաց կվճարի ռուբլով, Մոլդովան եւս կշարունակի գազ գնել ՌԴ-ից

28.04.2022 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հունգարիա #Մոլդովա #ՌԴ գազ
Հունգարիան կօգտագործի Ռուսաստանի՝ գազի համար հաշվարկների առաջարկած սխեման։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին հաստատել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Նրա խոսքով՝ Բուդապեշտը չունի այլընտրանքային աղբյուրներ եւ մատակարարման ուղիներ, որոնք հնարավորություն կտային առաջիկա մի քանի տարիներին հրաժարվել ռուսաստանյան էներգակիրների ներմուծումից։

«Գազի 85%-ը գալիս է Ռուսաստանից, նավթի մատակարարումների 65%-ը՝ եւս  Ռուսաստանից է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դա որոշվում է ենթակառուցվածքով։ Դա հաճույքի համար չէ, մենք չենք ընտրել այս իրավիճակը»,- ասել է Սիյարտոն։

Իր հերթին, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նախօրեին Jurnal TV-ի եթերում հայտարարել է, որ երկիրը շահագրգռված է շարունակել գազ գնել «Գազպրոմ»-ից, քանի որ այլընտրանքային շուկաներից դրա ձեռք բերումը շատ ավելի թանկ կարժենա։

«Եթե խոսենք այլընտրանքի մասին, ապա մենք ունենք տեխնիկական ուղիներ, բայց դեռ պետք է գտնել մատակարար, որը կառաջարկի միջնաժամկետ պայմանագիր։ Էլեկտրաէներգիայի հետ կապված վիճակն էլ ավելի բարդ է, կառավարությունը մրցույթ է հայտարարել այն գնելու համար, բայց առաջարկները չեն բավարարում մեզ, քանի որ դրանք շատ թանկ են»,- ասել է Մոլդովայի ղեկավարը՝ ընդգծելով, որ երկիրը «շատ ծանր վիճակում է»։



Նախօրեին Bloomberg-ը՝ վկայակոչելով «Գազպրոմ»-ին մոտ կանգնած աղբյուրը, տեղեկացրել էր, որ ռուսաստանյան բնական գազ գնող եվրոպական 10 ընկերություններ արդեն հատուկ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկ»-ում՝ մատակարարումների դիմաց ռուբլով վճարելու համար։ Չորս եվրոպական գնորդներ արդեն վճարել են ռուսաստանյան գազի մատակարարումների համար նոր սխեմայով, որն ենթադրում է հաշվի բացում «Գազպրոմբանկ»-ում, հայտնել էր Bloomberg-ի աղբյուրը։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին «Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել էր գազի մատակարարումը Bulgargaz-ին (Բուլղարիա) եւ PGNiG-ին (Լեհաստան)՝ ռուբլով չվճարելու պատճառով։
Դիտում՝ 3397

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW