Bloomberg-ը պարզել է՝ որքան եվրոպական ընկերություն է ՌԴ գազի դիմաց վճարում ռուբլով

27.04.2022 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bloomberg #գազ #ռուբլի
Ռուսաստանյան բնական գազը գնող եվրոպական 10 ընկերություններ արդեն հատուկ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկ»-ում՝ մատակարարումների համար ռուբլով վճարելու համար։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով «Գազպրոմ»-ին մոտ կանգնած աղբյուրը։

Ընդհանուր առմամբ, Մոսկվան գազատարներով գազ է մատակարարում եվրոպական 23 երկրների, որոնցից 21-ը ներառված են Ռուսաստանի կառավարության կողմից կազմված ոչ բարեկամական պետությունների ցանկում։

Չորս եվրոպական գնորդներ արդեն վճարել են ռուսաստանյան գազի մատակարարումների համար նոր սխեմայով, որն ենթադրում է հաշվի բացում «Գազպրոմբանկ»-ում, հայտնել է Bloomberg-ի աղբյուրը։

Ավելի վաղ՝ ապրիլին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել էր տվյալներ հրապարակել՝ որ երկրներն են համաձայնվել և որոնք հրաժարվել ռուսաստանյան գազի դիմաց վճարել ռուբլով։ Նա նշել էր, որ այս տեղեկությունը «հազիվ թե ենթակա է հրապարակման»։

Երկու երկրներին՝ Բուլղարիային և Լեհաստանին, «Գազպրոմ»-ն ապրիլի 27-ին ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը, քանի որ բուլղարական«Bulgargaz-ը և լեհական PGNiG-ը հրաժարվել են գազի դիմաց վճարել ռուբլով։ Մատակարարումների նոր դադարեցումներ հնարավոր են մայիսի երկրորդ կեսից ոչ շուտ, երբ սկսվում է ՌԴ գազի դիմաց վճարումների հաջորդ շրջանը, նշել է գործակալության աղբյուրը։



Այն բանից հետո, երբ Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության հետ կապված, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց եվրոպական և այլ ոչ բարեկամական երկրների համար ռուսաստանյան գազի մատակարարումների դիմաց վճարումները դարձնել ռուբլով: Մարտի վերջին նա հրամանագիր էր ստորագրել, որով այդ երկրների հետ սահմանվում են հաշվարկների նոր կանոններ։

Նոր կանոններն ուժի մեջ են մտել ապրիլի 1-ից։ Դրանք օտարերկրյա գնորդներից պահանջում են «Գազպրոմբանկ»-ում ունենալ ռուբլով և արտարժութային հատուկ հաշիվներ՝ գազի դիմաց վճարելիս արժույթը ռուբլու փոխարկելու համար։ Եթե գազի դիմաց վճարումը ժամանակին չկատարվի, արտարժույթով կամ ոչ լիազորված բանկում, ապա գազի արտահանումը կարգելվի։
Դիտում՝ 5581

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW