Ռուբլու փոխարժեքի ձեւավորման նոր տրամաբանությունը եւ հետագա կանխատեսումները

08.04.2022 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբլի #փոխարժեք #ՌԴ ԿԲ
Չնայած ռուսաստանյան բանկերի դեմ նոր կոշտ պատժամիջոցների սահմանմանը եւ Ռուսաստանում ներդրումներ կատարելու ԱՄՆ-ի արգելքին, Մոսկվայի բորսայում ռուբլին շարունակում է աճել։

Ապրիլի 7-ին՝ առուվաճառքի առաջին ժամվա ընթացքում, դոլարի փոխարժեքը 79,7-ից իջել է մինչեւ 74,26 ռուբլի, վերջին անգամ նման ցուցանիշ գրանցվել է փետրվարի 10-ին։ Հետագայում փոխարժեքը շտկվել է մինչեւ 76-76,5 ռուբլի եւ պահպանվել այդ միջակայքում մինչեւ օրվա երկրորդ կեսը։

Ինչպես գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը, ներկայում արտարժույթի շուկայում դոլարի առաջարկը զգալիորեն գերազանցում է պահանջարկը։ Առաջարկի մեծ ծավալն առաջացել է այն պատճառով, որ արտահանողները պարտավոր են վաճառել իրենց արտարժութային եկամուտների 80%-ը։ Պահանջարկի պակասը ներմուծման կրճատման եւ արտարժութային վերահսկողության ներդրման արդյունք է։ ՌԴ Կենտրոնական բանկը սահմանափակել է անդրսահմանային փոխանցումները․ ռուսաստանցիները կարող են ամսական փոխանցել $10 հազարից ոչ ավել, սահմանափակվել է նաեւ կանխիկ արտարժույթի տրամադրումը. անձնական հաշվից հնարավոր է կանխիկացնել միայն մինչեւ $10 հազար: Կարգավորիչն արգելել է բանկերին կանխիկ արժույթ վաճառել, իսկ բրոքերները պետք է 12% միջնորդավճար գանձեն բորսայում արժույթ գնելու համար: Ոչ ռեզիդենտները դեռեւս չեն կարող բորսայում վաճառել ռուսաստանյան ակտիվները։

Այս բոլոր միջոցներն արմատապես փոխեցին ռուբլու փոխարժեքի ձեւավորման տրամաբանությունը։ Ընթացիկ պայմաններում կապիտալի շուկայի գործոնները փաստացի չեն ազդում արժույթի վրա, իսկ փոխարժեքը որոշվում է արտահանման-ներմուծման գործարքներով։ Տնտեսագետներն ընդգծում էին, որ նման փոխարժեքը կարելի է անվանել «արհեստական» եւ ոչ ամբողջությամբ արդարացված։



Ըստ նախկինում գործող տրամաբանության՝ պատժամիջոցների հայտարարումից հետո ռուբլին պետք է թուլանար, սակայն այժմ շուկան այլ կերպ է դասավորված, ասում է «Լոկո-ինվեստ»-ի ներդրումային գծով տնօրեն Դմիտրի Պոլեւոյը։ Ռուբլու աճի պատճառները նույնն են՝ արտարժույթի պահանջարկը շատ ցածր է, իսկ առաջարկը մնում է բարձր՝ ընթացիկ հաշվի պրոֆիցիտի պատճառով, պարզաբանում է տնտեսագետը։

Բացի արտահանման եկամուտների ազդեցության, ռուբլու կտրուկ ամրապնդումը կարող է պայմանավորված լինել Սբերբանկի եւ Ալֆա-բանկի SDN պատժամիջոցների տակ հայտնվելով. բանկերը, ամենայն հավանականությամբ, ձգտում են վաճառել իրենց մոտ մնացած արտարժութային ակտիվները, ասում է CentroCredit բանկի տնտեսագետ Եվգենի Սուվորովը:

Կթուլացնի արդյոք ՌԴ Կենտրոնական բանկը սահմանափակումները

Այնուամենայնիվ, ռուբլու չափից ավել ամրապնդումը կարող է ազդել բյուջեի եկամուտների վրա։ Եթե ռուբլին չափից ավել բարձրանում է, եկամուտները նվազում են, քանի որ արտահանողները վաճառում են արտարժույթը եւ հարկերը վճարում ռուբլով:

Բյուջեի եկամուտների վրա ազդում են երեք բաղադրիչ՝ նավթի ու գազի արդյունահանման եւ մատակարարումների ծավալը, դրանց գինը, ինչպես նաեւ ռուբլու փոխարժեքը, պարզաբանում է Պոլեւոյը։ Նավթի եւ գազի գները բարձրացել են, իսկ փոխարժեքը նոր միայն վերադարձել է փետրվարի սկզբի մակարդակին, ուստի ռուբլու աճից բյուջեի համար լուրջ ռիսկեր դեռեւս չկան, ասում է փորձագետը։ Սպառնալիքը կարող է առաջանալ, եթե համաշխարհային գների նվազման դեպքում զգալիորեն կրճատվեն էներգակիրների արդյունահանումն ու արտահանումը, սակայն դեռեւս այդ սցենարը քիչ հավանական է։

Մյուս կողմից, ավելի ուժեղ ռուբլին օգնում է զսպել գնաճը. որոշ ներմուծվող ապրանքներ արդեն իսկ էժանանում են, նշել է Պոլեւոյը։ Ավելին, երբ ռուբլին աճում է, բնակչության մոտ նվազում է անհարմարության զգացումը, այսինքն՝ նվազում են գնաճային սպասումները, շարունակել է տնտեսագետը։ Հետեւաբար, ավելի ուժեղ ռուբլին մեծացնում է Կենտրոնական բանկի կողմից հաջորդ նիստի ժամանակ տոկոսադրույքի իջեցման հնարավորությունները, ասել է Պոլեւոյը։

Արտարժութային սահմանափակումների թուլացումն այն միջոցներից մեկն է, որը կարող է դանդաղեցնել ռուբլու ամրապնդումը, ասել է Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի տնտեսագետը։ Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկին անհրաժեշտ կլինի մեղմել արտարժութային սահմանափակումները՝ առաջին հերթին, բորսայում արտարժույթ գնելու համար միջնորդավճարները։ Միաժամանակ, կանխիկ արտարժույթի շրջանառության զգալի թուլացում, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտների համար ռուբլի վաճառելու հնարավորության վերականգնում մոտ ապագայում սպասել պետք չէ, կարծում է նա։

Կենտրոնական բանկն ունի նաեւ դրամավարկային գործիքներ, որոնք նվազեցնում են ռուբլու պահանջարկը, օրինակ՝ հիմնական տոկոսադրույքը, հավելում է տնտեսագետը։ Ամենայն հավանականությամբ, ԿԲ-ն կսկսի բավական արագ իջեցնել այն, սակայն մինչ այդ կարգավորիչը կարող է թույլ տալ, որ փոխարժեքը մի փոքր էլ ավելի ամրապնդվի, որպեսզի ներմուծողներին հնարավորություն տրվի ցածր փոխարժեքով արտարժույթ գնել։

Եթե փոխարժեքը շարունակի ձեւավորվել արտահանողների եւ ներմուծողների առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռության շնորհիվ, ինչպես դա տեղի է ունենում հիմա, ապա դոլարը կարող է նաեւ իջնել 60 ռուբլուց, ասել է Եվգենի Սուվորովը։ Ուստի նա հնարավոր է համարում, որ Կենտրոնական բանկը շուտով կարող է սկսել թուլացնել արտարժութային սահմանափակումները՝ առաջին հերթին բնակչության համար։

«Նման միջոցը պետք է մասամբ հավասարակշռի առաջարկն ու պահանջարկն արտարժույթի շուկայում»,- ասել է նա։ Բացի այդ, ԿԲ-ն, ամենայն հավանականությամբ, կզսպի ռուբլու փոխարժեքը նաեւ տոկոսադրույքի իջեցմամբ, եւ դա կարող է անել արդեն ապրիլի վերջին կայանալիք հաջորդ նիստում, հավելել է տնտեսագետը։
Դիտում՝ 15160
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW