Ալֆա-բանկում ռուբլու արժեւորումը «շատ ժամանակավոր» են գնահատել

05.04.2022 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալֆա-բանկ #Նատալյա Օրլովա #Իրինա Ռոստովցեւա
Ռուբլու վերջին oրերի արժեւորումը «շատ ժամանակավոր» է թվում, ասված է Ալֆա-բանկի գլխավոր տնտեսագետ Նատալյա Օրլովայի եւ բանկի տնտեսագետ Իրինա Ռոստովցեւայի վերլուծական գրության մեջ, որի հետ ծանոթացել է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։

«Չնայած շուկան լավատեսորեն ընդունեց ռուբլու վերջին ամրապնդումը մինչեւ 80-85 ռուբլի 1 դոլարի դիմաց, այնուամենայնիվ, մենք փոխարժեքի այս շարժը համարում ենք շատ անկայուն եւ այն կապում հարկային վճարումների ժամանակաշրջանի հետ, որն ավանդաբար բնութագրվում էր արտահանման եկամտի ավելացող վաճառքներով»,- գրում են փորձագետները։

Մարտին ռուսաստանյան Urals տեսակի նավթը վաճառվում էր Brent-ի գնի նկատմամբ 20% զեղչով, ինչի արդյունքում Ռուսաստանը մեկ ամսում կորցրել է $3 միլիարդ նավթային եկամուտ, ասված է գրության մեջ: Առաջիկա ամիսներին լրացուցիչ կորուստներ, հավանաբար, կարող են լինել նավթի եւ մետաղների արտահանման ֆիզիկական ծավալների նվազման պատճառով, գրում են տնտեսագետները։

Նրանց գնահատմամբ՝ 2022 թվականի հունվարին արտահանման ամսական $45 միլիարդ եկամուտից Ռուսաստանն առաջիկա ամիսներին կստանա ամսական ընդամենը $30 միլիարդ, հատկապես, եթե ԱՄՆ ռազմավարական պաշարներից նավթի վաճառքը հանգեցնի գների նվազմանը:

Միաժամանակ, մատակարարման շղթաների ընդհատումների պատճառով ռուսաստանյան ընկերությունները ստիպված կլինեն ավելի թանկ վճարել ներմուծվող ապրանքների տեղափոխման համար, ինչի արդյունքում նույնիսկ մարտին ներմուծման ֆիզիկական ծավալների 50-60%-ով նվազման դեպքում (փետրվարի համեմատ) անվանական արտահայտմամբ ներմուծումը կարող է մնալ նախաճգնաժամային՝ ամսական $25 միլիարդ մակարդակում, հաշվարկել են փորձագետները։

«Այդ իսկ պատճառով ռուբլու վերջին ամրապնդումը ժամանակավոր է թվում, ինչը կպահպանի նաեւ գնաճային ռիսկերը»,- գրում են փորձագետները։ Գնաճն, ըստ նրանց կանխատեսումների, ամենայն հավանականությամբ, կգերազանցի սպասելիքները, եւ մարտին, հավանաբար, հասնելով տարեկան 16-17%-ի, ապրիլին արդեն կարող է գերազանցել 20%-ը։
Դիտում՝ 22187
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW