Միացյալ Նահանգները «կտրուկ ուժեղացնում են ֆինանսական հարվածը» Ռուսաստանին

06.04.2022 | 21:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Ռուսաստան #պատժամիջոցներ
ԱՄՆ վարչակազմն ամբողջական արգելափակող պատժամիջոցներ է սահմանում Սբերբանկի եւ Ալֆա-բանկի նկատմամբ եւ արգելում է նոր ներդրումները Ռուսաստանի տնտեսությունում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ Ռուսաստանի դեմ նոր սահմանափակող միջոցների ներդրմանը նվիրված լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ։

«Նախ, ինչպես բոլորդ գիտեք, մենք ձգտում էինք ֆինանսական ցնցումներ առաջացնել՝ զրկելով Ռուսաստանի խոշորագույն բանկերին եւ Կենտրոնական բանկին ԱՄՆ-ի հետ որեւէ բիզնես վարելու հնարավորությունից եւ սառեցնելով բոլոր ակտիվները, որոնք կապ ունեն ԱՄՆ-ի կամ մեր դաշնակիցների ֆինանսական համակարգի հետ: Եվ այսօր մենք կտրուկ ուժեղացնում ենք ֆինանսական հարվածը՝ ամբողջական արգելափակող պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատության՝ Սբերբանկի եւ այդ երկրի խոշորագույն մասնավոր՝ Ալֆա-բանկի դեմ»,- ասել է նա։ Միաժամանակ, ԱՄՆ սահմանափակումները չեն տարածվում էներգակիրների վճարման հետ կապված գործարքների վրա։

RBC-ն ներկայացրել է ռուսաստանյան բանկերի արձագանքն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին։ Մասնավորապես, ինչպես հայտարարել է Սբերբանկի մամուլի ծառայությունը, կիրառվող պատժամիջոցներն էական ազդեցություն չեն ունենա բանկի աշխատանքի վրա եւ որեւէ կերպ չեն ազդի ռուսաստանցիների սպասարկման վրա, քանի որ համակարգն արդեն հարմարվել է նախկինում ներդրված սահմանափակումներին։ «Սբերբանկի փորձը, ռեսուրսները եւ փորձաքննությունը մեզ թույլ են տալիս հաջողությամբ աշխատել ցանկացած պայմաններում»,- ընդգծել են բանկում:

Ալֆա-բանկը նույնպես հայտարարել է, որ կշարունակի աշխատանքը։ «Ի՞նչ է սա նշանակում»։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Ռուսաստանի դեմ արդեն 8257 պատժամիջոցներ են սահմանվել։ Նախկինում մենք զգուշանում էինք սրանից, իսկ այժմ աշխատում ենք սովորական ռեժիմով»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ։



ԱՄՆ իշխանությունները արգելք են սահմանում նաեւ Ռուսաստանի տնտեսությունում նոր ներդրումների ուղղությամբ, ասել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան։

«Այսօր, համաձայնության գալով G7-ի եւ ԵՄ-ի հետ, մենք հայտարարում ենք Ռուսաստանի Դաշնությունում նոր ներդրումների արգելքի մասին»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ համապատասխան հրամանագիրը կստորագրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Սա երաշխավորում է, որ Ռուսաստանից մասնավոր ընկերությունների զանգվածային արտահոսքը կշարունակվի։ Առանց մեր մասնավոր հատվածի ներդրումների, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կկորցնի ներդրումների հետ կապված փորձն ու հմտությունները, իսկ Ռուսաստանից «ուղեղների ներկայիս արտահոսքի» հետեւանքները զգալի կլինեն»,- նշել է նա:

Ինչպես պարզաբանել է Սպիտակ տունը, խոսքը «ամերիկացիների կողմից, որտեղ էլ որ նրանք գտնվեն», ՌԴ տնտեսությունում ներդրումներ անելու արգելքի մասին է։ Վաշինգտոնի կարծիքով՝ այս միջոցը «Ռուսաստանին էլ ավելի կմեկուսացնի համաշխարհային տնտեսությունից»։ «Այս գործողությունները հիմնված են ավելի քան 600 անդրազգային ընկերությունների՝ Ռուսաստանից հեռանալու որոշման վրա։ Այսօրվա գործադիր հրամանը կապահովի Ռուսաստանի մրցունակության երկարատեւ թուլացումը համաշխարհային մակարդակում»,- կարծում են ԱՄՆ իշխանությունները։
Դիտում՝ 4449
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW