Չինաստանի պետական նավթավերամշակող ձեռնարկությունները պահպանում են նախկինում կնքված ռուսաստանյան նավթային պայմանագրերը, սակայն խուսափում են նորերից:Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ։ Նշվում է, որ չնայած մեծ զեղչերի, չինական ընկերությունները ականջալուր են լինում Պեկինի՝ զգուշավորություն պահպանելու կոչին, քանի որ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները խստացվում են:Գործակալությունը թվարկում է մի քանի խոշոր չինական նավթային ընկերություններ՝ Sinopec, CNOOC, PetroChina, Sinochem, որոնք չեն մասնակցել մայիսյան նավթային պայմանագրերով առուվաճառքին։Ինչպես նշում են աղբյուրները, չինական պետական ընկերությունները չեն ցանկանում բացահայտորեն աջակցել Մոսկվային՝ գնելով նավթի լրացուցիչ ծավալներ, այն բանից հետո, երբ անցած ամիս Վաշինգտոնն արգելեց ռուսաստանյան նավթի ներմուծումն, իսկ Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի խոշորագույն արտահանողների՝ «Ռոսնեֆտ»-ի եւ «Գազպրոմ նեֆտ»-ի դեմ:«Պետական ձեռնարկությունները զգուշավոր են, քանի որ դրանց գործողությունները կարող են դիտարկվել որպես Չինաստանի կառավարության գործողություններ, եւ ընկերություններից ոչ մեկը չի ցանկանում առանձնանալ որպես ռուսաստանյան նավթի գնորդ»,- ասել է աղբյուրներից մեկը:Չինաստանը ռուսաստանյան նավթի խոշորագույն գնորդներից է՝ օրական 1,6 միլիոն բարել, որի կեսը մատակարարվում է խողովակաշարերով միջկառավարական պայմանագրերի շրջանակում։Reuters-ի աղբյուրներն ակնկալում են, որ չինական պետական ընկերությունները կկատարեն ռուսաստանյան նավթի առաքման իրենց երկարաժամկետ պայմանագրերը, սակայն կխուսափեն նոր սփոթային գործարքներից: 30.03.2022 | 17:40 Պեկին. Պատժամիջոցների համար վճարում են նրանք, ովքեր չեն մասնակցում առճակատմանը Չինաստանը բազմիցս է դատապարտել Մոսկվայի դեմ կոշտ պատժամիջոցները։ Այսպես, մարտի վերջին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին (Wang Yi) ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ տեսակոնֆերանսի ընթացքում նշել էր, որ անընդունելի են Ռուսաստանի դեմ արեւմտյան չափազանց կոշտ պատժամիջոցները։Նախարարն ասել էր, որ Արեւմուտքի միակողմանի պատժամիջոցների համար «վճարում են այն երկրներն ու ժողովուրդները, որոնք չեն մասնակցում Մոսկվայի եւ Կիեւի միջեւ ռազմական առճակատմանը»։ Նա ընդգծել էր, որ դա «անարդար է եւ անօրինական»։ «Անվտանգության խնդիրները կարգավորելիս չի կարելի ամեն ինչ պարզեցնել, բաժանել սպիտակի եւ սեւի»։Իսկ ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը օրերս հայտարարել էր, որ անխտիր եւ համապարփակ պատժամիջոցները հավասարազոր են համաշխարհային տնտեսությունը որպես զենք օգտագործելուն գլոբալ հակամարտության մեջ: «Սա խաթարում է էներգակիրների եւ սննդի մատակարարումները: Այս ամենը վտանգում է միջազգային հանրության տասնամյակների զարգացումը»,- նշել էր չինացի դիվանագետը։ Tweet Դիտում՝ 3836