Բրիտանական բանկերի ներկայացուցիչներն անօրինական եւ անիրագործելի են համարել ռուսաստանցիների համար բանկային ավանդների չափը £50 000-ով ($66 000 ) սահմանափակելու երկրի կառավարության ծրագրերը։Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բանկային հատվածի հինգ աղբյուրներ։Բանկերը մտավախություն ունեն, որ առաջարկը կարող է խախտել իրավահավասարության մասին օրենսդրությունը, որն արգելում է ազգության վրա հիմնված խտրականությունը: Reuters-ի աղբյուրների համաձայն՝ նրանք իշխանություններից երաշխիքներ են խնդրել, որ բանկերը չեն հետապնդվի, եթե ռուսաստանցիներին արգելեն սահմանաչափից բարձր ավանդներ պահել։ Խոսքը հնարավոր հայցերի ու փոխհատուցմերի մասին է։«Այն, ինչ նրանք առաջարկում են, անօրինական է, դրանում կասկած չկա»,- Reuters-ին ասել է բանկերից մեկի ղեկավարը, ով բանակցել է կառավարության հետ ավանդների արգելման ծրագրերի շուրջ: Նա նախաձեռնությունն անվանել է «հապճեպ» եւ նշել, որ դրա հետեւանքները, հավանաբար, մինչեւ վերջ մտածված չեն։Բանկիրներն ընդգծել են, որ առանց օրենսդրության, այդ թվում՝ հաշիվների բացման ընթացակարգը կարգավորող կանոնների փոփոխության բրիտանական իշխանությունների պահանջները հնարավոր չէ կատարել։ Նման փոփոխությունների մասին հայտարարված չէ։ Այժմ հաճախորդները բացահայտում են միայն տեղեկատվությունը բնակության վայրի մասին, բայց ոչ միշտ իրենց ծագման վերաբերյալ։ Հասկանալու համար՝ հաճախորդը ռուսաստանցի է թե ոչ, բանկերը ստիպված կլինեն հարցում կատարել £50 000-ից ավել ավանդներ ունեցող բոլոր հաճախորդների նկատմամբ։Բրիտանական կառավարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններ ներկայացնել Reuters-ի հարցմանը:Գործակալությունը գրում է, որ որոշ ռուսաստանցի ավանդատուներ, որոնք չեն հայտնվել պատժամիջոցների տակ, անհանգստացել են, որ ավանդների արգելքը կարող է ազդել նաեւ իրենց վրա։ «Եթե դա տեղի ունենա, պարզ կլինի, որ մեզ այլեւս ուրախ չեն»,- անանունության պայմանով Reuters-ին ասել է ՌԴ մի քաղաքացի, ով 16 տարի աշխատել է Լոնդոնում:Մեկ այլ աղբյուր նշել է, որ իշխանությունների պահանջները խախտում են նաեւ մարդու իրավունքները։ «Ակնհայտ է, որ մենք պատրաստ ենք աշխատել կառավարության հետ։ Բայց կասկածներ ունենք՝ որքանով ավանդների արգելքն արդյունավետ կլինի այդ մարդկանց դեմ պայքարում՝ հաշվի առնելով անմեղ կողմերի շահերին հասցված վնասը»,- ասել է նա։Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Մեծ Բրիտանիան հայտարարեց բրիտանական բանկերում ռուսաստանցիների ավանդների մասով սահմանափակում սահմանելու ծրագրերի մասին։ Բրիտանական իշխանությունները հայտարարել են, որ դա տնտեսական պատժամիջոցների «ամենախիստ» փաթեթի մի մասն է: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ընդգծել էր, որ իշխանությունները մտադիր են ամբողջությամբ արգելափակել ունեւոր ռուսաստանցիների մուտքը երկրի բանկեր։ Tweet Դիտում՝ 2578